7 հոկտեմբերի 2015 - 10:22 AMT
ԼՂՀ ՊՆ. Հրադադարը հիմնականում խախտվել է հրաձգային զինատեսակներից

Հոկտեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ի տարբերություն նախորդ օրերի, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից: Ադրբեջանական զինուժը ինքնաձիգերից, դիպուկահար հրացաններից, գնդացիրներից և «Իստիգլալ» տիպի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1900, իսկ 60 մմ-ոց ականանետից` 3 կրակոց: Բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից, առաջնային գծից մոտ 50 կմ խորության վրա արձանագրվել են նաև հակառակորդի ռազմաօդային ուժերի ուսումնական թռիչքներ:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները վստահորեն հետևել են ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող բոլոր գործողություններին և անհրաժեշտության դեպքում դիմել համապատասխան քայլերի, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 82 միլեմետրանոց ականանետից (2 արկ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2000 կրակոց:

Հոկտեմբերի 3-ին և 4-ին նկատվել էր հրադադարի խախտման ռեժիմի դեպքերի նվազում: Վերոնշյալ ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (19 արկ), 82 (1 արկ) և 120 (1 արկ) մմ-ոց ականանետերից ու ՀԱՆ-17 (17 արկ) տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1500 կրակոց:

Վերջին շրջանում իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարված է:

Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով զոհվել են չորս զինծառայող, վիրավորվել 16-ը:

Ընդհանուր առմամբ սեպտեմբեր ամսում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 4000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 60.000 կրակոց, այդ թվում՝ 60 մմ ականանետից (1566 արկ), 82մմ ականանետից (733 արկ), 120մմ ականանետից (51 արկ), ՌՊԳ-7 տիպի նռնականետից (54 արկ), ՀԱՆ-17 տիպի նռնականետից (828 արկ), ՍՊԳ-9 տիպի նռնականետից (9 արկ), TR-107 հրթիռահրետանային կայանքից (168 արկ) և 122մմ Դ-30 հաուբից հրանոթից (30 արկ):