7 հոկտեմբերի 2015 - 15:53 AMT
Մոռացված եկեղեցի, վերացած համայնք. Մումբայի վերջին հայը՝ Զաբել Ջոշին

Հնդկական Idiva պարբերականում լույս է տեսել Բոմբեյ քաղաքի մոռացված Սբ Պետրոս հայկական եկեղեցու և քաղաքի վերջին հայ բնակչի կյանքին՝ Ցեղասպանությունից փրկվածների ժառանգ Զաբել Ջոշիին նվիրված հոդված:

Պարբերականը գրում է, որ Բոմբեյի ֆոնդային բորսայի կենտրոնի՝ Դալալ փողոցի աղմուկի և իրարանցման մեջ կանգնած է մի հին, գրեթե մոռացված շինություն` Սբ Պետրոս հայկական եկեղեցին: Այն կառուցվել է երեք դար առաջ՝ 1796 թվականին, հին ժամանակների Բոմբեյի ծաղկուն հայ համայնքի համար: Այսօր Մումբայի հայ համայնքից մնացել է մեկ կին՝ Զաբել Ջոշին: Եկեղեցին հայ քահանա չունի:

Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը շատ հեռու ու անիրական թվացող իրադարձություն է Հնդկաստանի բնակիչների համար, սակայն այն մեծ դեր է խաղացել Զաբելի կյանքում, նշում է պարբերականը:

«Ցեղասպանության պատճառով մեր նախնիները ստիպված էին թողնել իրենց երկիրը և հաստատվել աշխարհի տարբեր վայրերում, - ասում է Զաբելը: Նա պատմել է, որ մեծացել է Բեյրութում, որն այն ժամանակ համարվում էր Միջին Արևելքի Փարիզը: Այնտեղ նա սիրահարվում է գուջարաթցի կտորեղենի վաճառական Կիշորե Ջոշին: Նրանք շուտով ամուսնանում են, և Զաբելը տեղափոխվում է Հնդկաստան:

Հայերն առաջին անգամ Հնդկաստանում հայտնվել են ծովափնյան Կերալա նահանգում: Այնուհետև արմատապես հաստատվել են Կալկաթայում, ապա շուտով բնակություն հաստատել նաև Հնդկաստանի այլ վայրերում: Այսօր նրանք բոլորի նման համարվում են Հնդկաստանի մշակութային խառնուրդի մի մասը: Կալկաթան դեռևս զգալի հայկական համայնք ունի, որը կազմված է մոտ 150 մարդուց: Մումբայի հայկական բնակչությունը արտագաղթել է ԱՄՆ և Կանադա, և Զաբելը այժմ համարվում է Մումբայի միակ գրանցված հայը: Նա նաև եկեղեցու խնամակալն է:

Սբ Պողոս եկեղեցին երկար ժամանակ փակ է մնացել, քանի որ ոչ համայնք կար և ոչ էլ քահանա:

«Ամեն ինչ այժմ բավականին տարբեր է, - ասում է Զաբելը, - ես այս քաղաքում ապրող միակ հայն եմ: Թեև իհարկե, իմ երեխաները նույնպես հայկական արյուն ունեն և ես հպարտ եմ, որ նրանք հայերեն են խոսում, ինչը իմ կարծիքով առաջին քայլն է պահպանելու համար այն ամենը ինչը չի կարող հավերժ ապրել»:

Կարդացեք նաև. Հնդկաստանի հայոց հոգևոր հովիվը հերքում է՝ Կալկաթայի եկեղեցու գերեզմանաքարերը չեն ոչնչացվել