8 հոկտեմբերի 2015 - 12:33 AMT
66 մլն դրամ ՝ Տավուշի սահմանամերձ համայնքներում վնասների փոխհատուցմանը

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 8-ի նիստում հաստատել է Տավուշի մարզպետարանին գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը:

ՀՀ տարածքային և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի խոսքով՝ նախագծի ընդունումը պայմանավորված է Տավուշի մարզի մի շարք համայնքային խնդիրների՝ ընթացիկ կարիքների լուծման անհրաժեշտությամբ:

Նախարարը հայտնել է, որ այդ խնդիրների լուծման նպատակով նախատեսվում է Տավուշի մարզպետարանին ՀՀ 2015-ի պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2015-ին հատկացնել 66 մլն 30 հազ. դրամ:

Երիցյանը հայտնել է, որ գումարի հատկացման նպատակը սեպտեմբեր ամսվա ընթացքում Ադրբեջանի Հանրապետության կողմից իրականացված ռազմական գործողությունների արդյունքում տուժած բնակիչների վնասների փոխհատուցումն է, գրում է Tert.am-ը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնել է, որ կա նախագահի հանձնարարական և նշել, որ այդ գումարը հնարավորինս արագ կհատկացվի:

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 1-ի նիստում հաստատել է «Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2016թ. ծրագիրը»:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ սահմանամերձ բոլոր համայնքների բնակիչների սոցիալական պայմանների բարելավման նպատակով՝ գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի մասնակի ու հողի հարկի և անշարժ գույքի գույքահարկի ամբողջական փոխհատուցման նպատակով 2016-ի պետբյուջով կհատկացվի 928 մլն դրամ:

Սեպտեմբերի 24-ի երեկոյան Տավուշի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով Բերդավանի խաղաղ բնակիչներ 94-ամյա Շուշան Ասատրյանից և 41-ամյա Սոնյա Ռևազյանիցբացի զոհվել էր նաև Պառավաքարի բնակիչ, 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, ևս երկուսը վիրավորվել:

Ադրբեջանական մարտական հենակետերից իրականացված նպատակային գնդակոծության հետևանքով վնասվել են Տավուշի մարզի Բերդավան համայնքին պատկանող «Գեղագիտական կենտրոնի» և երաժշտական դպրոցի շենքերը՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս: Զգալի վնասներ են կրել Բերդավանի, Այգեհովիտի և Պառավաքարի բնակիչները. գնդակոծության հետևանքով վնասվել են գյուղացիների տները, գույքը, պտղատու այգիները։ Նշանակվել են ապրանքագիտական փորձաքննություններ՝ պատճառված գույքային վնասների չափերը պարզելու համար։