8 հոկտեմբերի 2015 - 17:12 AMT
«Շիրակ»-ի և շվեդական ֆուտբոլային ակումբի միջև «սրբիչային սկանդալը» կքննվի Ստոկհոլմի կենտրոնական դատարանում

Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի՝ շվեդական «ԱԻԿ» ֆուտբոլային ակումբի դեմ առաջին դատական նիստը նշանակված է հունվարի 18-ին, այն կքննվի Ստոկհոլմի կենտրոնական դատարանում: Այս մասին հայտնել է ֆուտբոլային ակումբի քարտուղար Աննա Թադևոսյանը:

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը դատի էր տվել շվեդական «ԱԻԿ»-ին՝ ակումբի անունը արատավորելու, շիրակցի ֆուտբոլիստներին ակնհայտորեն զրպարտելու, սրբիչի գող հռչակելու համար:

Հիշեցնենք, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումբը Ստոկհոլմում Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի խաղից առաջ տհաճ պատմության մեջ էր հայտնվել. «ԱԻԿ»-ի ադմինիստրատոր Օկե Անդերսոնը ամենայն հավանականությամբ հայ ֆուտբոլիստներին հոգեբանական ճնշման ենթարկելու ու այսպիսով նրանց պարտության մատնելու նպատակով՝ շվեդական լրատվամիջոցներին հայտնել էր, թե շիրակցիները հյուրերի հանդերձարանից գողացել են 17 սրբիչ:

Վայրկյաններ անց շվեդական մամուլը հեղեղվել էր այս լուրով, որից հետո, սակայն, այդ նույն ադմինիստրատորը հերքել էր իր հայտարարությունը՝ նշելով, որ վստահ չէ, թե սրբիչները «Շիրակ»-ի ֆուտբոլիստներն են տարել:

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի փաստաբան Մարկ Սաֆարյանն էլ դատարան հայց էր ներկայացրել «ԱԻԿ»-ի դեմ՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել վերջինիս «Շիրակ» ֆուտբոլային ակումբի անունը արատավորելու ու վարկաբեկելու համար:

ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 2015/2016 թթ. խաղարկության Որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումը հուլիսի 17-ին անցկացվել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի «Տելե 2 Արենա» մարզադաշտում։

«Շիրակ» - ԱԻԿ խաղն ավարտվել է «ԱԻԿ–ի» հաղթանակով` 2։0 հաշվով, խաղի ավարտին գյումրեցիները խաղում էին 8 ֆուտբոլիստով։