9 հոկտեմբերի 2015 - 10:17 AMT
Հրադադարի խախտումների թիվը շփման գծում նվազել է. Հակառակորդը կրակել է ավելի քան 700 անգամ

Հոկտեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարը խախտել է մոտ 90 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 82 մմ-ոց ականանետից (2 արկ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը շփման գծում հրադադարը խախտվել է մոտ 110 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1400 կրակոց:

Հոկտեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը, ի տարբերություն նախորդ օրերի, հակառակորդը հրադադարը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից: Ադրբեջանական զինուժը ինքնաձիգերից, դիպուկահար հրացաններից, գնդացիրներից և «Իստիգլալ» տիպի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է մոտ 1900, իսկ 60 մմ-ոց ականանետից` 3 կրակոց: Բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից, առաջնագծից մոտ 50 կմ խորության վրա արձանագրվել են նաև հակառակորդի ռազմաօդային ուժերի ուսումնական թռիչքներ:

Հոկտեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 100 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 82 մմ ականանետից (2 արկ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 2000 կրակոց:

Ընդհանուր առմամբ սեպտեմբերին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 4000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 60.000 կրակոց, այդ թվում՝ 60 մմ ականանետից (1566 արկ), 82 մմ ականանետից (733 արկ), 120 մմ ականանետից (51 արկ), ՌՊԳ-7 տիպի նռնականետից (54 արկ), ՀԱՆ-17 տիպի նռնականետից (828 արկ), ՍՊԳ-9 տիպի նռնականետից (9 արկ), TR-107 հրթիռահրետանային կայանքից (168 արկ) և 122մմ Դ-30 հաուբից հրանոթից (30 արկ):