9 հոկտեմբերի 2015 - 18:52 AMT
Ադրբեջանական բանակը ևս մեկ կորուստ է ունեցել. Պաշտոնական աղբյուրները չէին տեղեկացրել

Ադրբեջանի բանակում գրանցվել էր ևս մեկ մարտական կորուստ, որի մասին ադրբեջանական պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հայտնել։ Ըստ Ռազմինֆոյի ստացած տվյալների՝ զոհվածը Գոբուստանի շրջանի Նարիմանքենդ գյուղում մի քանի օր առաջ հուժամկետային զինծառայող, 19-ամյա Ազմամմադով Ասաֆ Նազիմ օղլուն է:

Գրեթե վստահաբար կարելի է պնդել, որ զինծառայողը սպանվել է մարտական պայմաններում, ինչի մասին վկայում են ինչպես սոցիալական ցանցերում ադրբեջանական օգտատերերի գրառումները, այնպես էլ հուղարկավորությանը մեծաթիվ զինվորականների ներկայությունը։

Ցավակցական գրառումները սոցցանցերում նրա նկարների տակ սկսել են հայտնվել հոկտեմբերի 5-ից, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ զինծառայողը սպանվել է վերջերս։

Ադրբեջանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ, քաղաքագետ Սուլհեդդին Աքբերը հոկտեմբերի 7-ին հայտարարել է, որ ադրբեջանական հանրությունը պահանջում է երկրի պաշտպանության նախարարությունից չթաքցնել ադրբեջանական բանակում տեղի ունեցող բացասական երևույթներն ու զինվորների մահվան դեպքերը, ինչպես նաև ճշմարտացի և օպերատիվ տեղեկություններ տրամադրել տեղի ունեցած բոլոր պատահարների ու դեպքերի մասին:«Այստեղ դիմակայող կողմերը առճակատման մեջ են բոլոր ոլորտներում: Այդ պատերազմներն ընթանում են քաղաքական-դիվանագիտական, ֆինանսատնտեսական, սոցիալ-հոգեբանական և այլ ուղղություններով: Այսօր գլխավոր ուղղություններից մեկը տեղեկատվականն է»,-ասել է փորձագետն ու հավելել, որ եթե Ադրբեջանի իշխանությունները իրական տեղեկություններ չտրամադրեն ժողովրդին, ապա կպարտվեն Հայաստանին նաև տեղեկատվական պատերազմում:

Ավելի վաղ ադրբեջանցի հայտնի լրագրող Չինգիզ Սուլթանսոյը, մեկնաբանելով Ադրբեջանի ՊՆ հայտարարությունն այն մասին, որ այդ գերատեսչության մամուլի ծառայությունը չի մեկնաբանի ոչինչ այն ԶԼՄ-ներին, որոնք տարածում են հայկական լրատվամիջոցների հրապարակումները, հայտարարեց, որ նման դիրքորոշումը վկայում է Ադրբեջանի ՊՆ թուլության մասին: Նշվում էր, որ լրագրողն ափսոսանք էր հայտնել, որ Ադրբեջանի ՊՆ-ն չի կարողանում պատշաճ կերպով կատարել իր պարտականությունները, արդյունքում մարդիկ կորցնում են վստահությունը նախարարության հանդեպ:

Ադրբեջանի ՊՆ-ը սեպտեմբերի 29-ին արված հայտարարությունով լրատվամիջոցներին կոչ էր արել հրապարակել միայն պաշտոնական տեղեկատվությունը՝ պատճառաբանելով, թե «Ադրբեջանի ՊՆ-ն հանրությանը մշտապես տեղեկացնում է առաջնագծում գրանցված միջադեպերի մասին»։