9 հոկտեմբերի 2015 - 19:08 AMT
Ռուսական «Տրանսաէրո»-ն դադարեցրել է 58 չվերթ, այդ թվում՝ Մոսկվա-Երևան ուղղությամբ

Ռուսական «Տրանսաէրո» ընկերությունը հոկտեմբերի 9-ին չեղյալ է հայտարարել 58 չվերթ տարբեր ուղղություններով, այդ թվում` Մոսկվայից Երևան չվերթը:

Ավիաընկերությունը հոկտեմբերի 10-ին չեղյալ կհայտարարի ևս 38 չվերթ, ռուսական ՏԱՍՍ-ին հղումով գրում է Civilnet.am-ը:

«Տրանսաէրո»-ն` Ռուսաստանի մեծությամբ երկրորդ ավիաըկերությունը և հիմնական չարտերային փոխադրողը, երկրում տնտեսական իրադրության վատթարացմանը և արժույթների փոխարժեքների աճին զուգահեռ սկսել է ֆինանսական դժվարություններ կրել: Ընկերությունն ի վիճակի չի եղել ապահովել իր գործունեությունը և կատարել պարտային պարտավորությունները:

Ռուսաստանի կառավարությունն ի սկզանե քննարկում էր ավիաընկերության բաժնետոմսերի փաթեթի 75%-ի վաճառքի տարբերակը «Աէրոֆլոտ»-ին` ակնկալելով, որ երկրի խոշորագույն ավիափոխադրողը կկարողանա «առողջացնել» ընկերությունը: Սակայն «Տրանսաէրո»-ի բաժնետերերը նշանակված ժամկետում չհավաքեցին բաժնետոմսերի փաթեթը և ձախողեցին առաջարկը:

«Տրանսաէրո»-ի ընդհանուր պարտքը` ներառյալ լիզինգը, մոտ 250 մլրդ ռուբլի է:

Զբոսաշրջային շուկայի մասնակիցները մտավախություն ունեն, որ ուղևորափոխադրումների խնդիրը կարող է հանգեցնել նաև զբոսաշրջային գործակալությունների սնանկացման: