10 հոկտեմբերի 2015 - 12:18 AMT
ԼՂ ՊԲ-ն Թալիշի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիա է կանխել

Հոկտեմբերի 10-ի գիշերը` ժամը 03:05-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում (Թալիշի ուղղությամբ) հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ:

ՊԲ դիրքապահ ուժերը ժամանակին հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբի առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և վերջինիս հասցնելով կորուստներ, հետ շպրտել իր ելման դիրքերը: Ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը կորուստներ չի կրել, հայտնում են ՊԲ մամլո ծառայությունից:

Բացի վերոնշյալ գործողությունից հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից շփման գծի ամբողջ երկարությամբ հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 150 անգամ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո շփման գծի երկայնքով ադրբեջանական բանակի ակտիվությունը ճնշվել է:

Հոկտեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարը խախտել է մոտ 90 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 82 մմ-ոց ականանետից (2 արկ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:

Հոկտեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը շփման գծում հրադադարը խախտվել է մոտ 110 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1400 կրակոց:

Հոկտեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը, ի տարբերություն նախորդ օրերի, հակառակորդը հրադադարը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից: Ադրբեջանական զինուժը ինքնաձիգերից, դիպուկահար հրացաններից, գնդացիրներից և «Իստիգլալ» տիպի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է մոտ 1900, իսկ 60 մմ-ոց ականանետից` 3 կրակոց: Բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից, առաջնագծից մոտ 50 կմ խորության վրա արձանագրվել են նաև հակառակորդի ռազմաօդային ուժերի ուսումնական թռիչքներ: