3 նոյեմբերի 2006 - 16:41 AMT
ՄՏՍ-ը դեռ չունի «ԱրմենՏել»-ի ձեռքբերման մրցույթի արդյունքների վերաբերյալ ինֆորմացիա
Ռուսական ՄՏՍ ընկերությունը դեռ չունի «ԱրմենՏել» հայկական հեռահաղորդակցության ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսի ձեռքբերման մրցույթի արդյունքների վերաբերյալ ինֆորմացիա: «Մենք մինչեւ հիմա որեւէ ինֆորմացիա չունենք եւ սպասում ենք տենդերի պաշտոնական արդյունքներին»,- հայտարարել է ՄՏՍ-ի մամլո քարտուղար Կիրիլ Ալյավդինը: ՄՏՍ-ի շանսերը մրցույթում մեկնաբանելու խնդրանքին Ալյավդինը պատասխանեց, որ ընկերությունը մեկնաբանություններ չի տալիս «մինչեւ պաշտոնական արդյունքների հրապարակումը»: «ԱրմենՏել» ընկերությունում, ինչպես նաեւ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունում եւս խուսափեցին մեկնաբանություններից` նշելով ինֆորմացիայի բացակայությունը:
Իսկ նախօրեին կայացած Հայաստանի կառավարության նիստում «Արմենտել» ՓԲԸ-ի 10 տոկոս պետության սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանին: «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսի ձեռքբերման մրցույթին մասնակցում են ռուսական «ՎիմպելԿոմ« եւ MTC, ինչպես նաեւ VTEL Holdings ընկերությունները:

Ավելի վաղ մամուլում տեղակատվություն էր հայտնվել, որ «ԱրմենՏել»-ը կարող է ձեռք բերվել Arab Emirates Telecommunications Corporation (ETISALAT)/ Istithmar PJSC/Emergent Telecom Ventures (ETV)-ի կողմից $600 մլն.-ով: Սակայն Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը հերքել է արաբական ընկերության կողմից բաժնետոմսերի ձեռքբերման վերաբերյալ տեղեկատվությունը: Նրա խոսքերով, ETISALAT-ը նույնիսկ գնային առաջարկություն չի ներկայացրել, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: