10 հոկտեմբերի 2015 - 14:16 AMT
Հակառակորդը 1 շաբաթում հրադադարը խախտել է մոտ 800 անգամ. Արձակվել է ավելի քան 10.000 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն հոկտեմբերի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 800 անգամ:

Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ ականանետերից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10.000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ամբողջ երկարությամբ մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Միաժամանակ ՊԲ հակաօդայինները առաջնային գծից մոտ 50 կմ խորության վրա` Ադրբեջանի տարածքում, հավաստանշել են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքներ և վստահորեն հետևել դրանց ուղերթին մինչև վայրէջք:

Հոկտեմբերի 10-ի գիշերը` ժամը 03:05-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում (Թալիշի ուղղությամբ) հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ:

ՊԲ դիրքապահ ուժերը ժամանակին հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբի առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և վերջինիս հասցնելով կորուստներ, հետ շպրտել իր ելման դիրքերը: Ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը կորուստներ չի կրել, հայտնում են ՊԲ մամլո ծառայությունից:

Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 900 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7, ՍՊԳ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 9000 կրակոց: Նշված ժամանակահատվածում հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:

Ընդհանուր առմամբ սեպտեմբերին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 4000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 60.000 կրակոց, այդ թվում՝ 60 մմ ականանետից (1566 արկ), 82 մմ ականանետից (733 արկ), 120 մմ ականանետից (51 արկ), ՌՊԳ-7 տիպի նռնականետից (54 արկ), ՀԱՆ-17 տիպի նռնականետից (828 արկ), ՍՊԳ-9 տիպի նռնականետից (9 արկ), TR-107 հրթիռահրետանային կայանքից (168 արկ) և 122մմ Դ-30 հաուբից հրանոթից (30 արկ):

Կարդացեք նաև՝ ԼՂ ՊԲ-ն Թալիշի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիա է կանխել