12 հոկտեմբերի 2015 - 15:38 AMT
Ստամբուլում քարեր են նետել Պոլսո հայոց պատրիարքարանի շենքի վրա. Դիարբեքիրում ոստիկանները 14-ամյա աղջկա են սպանել

Պոլսո հայոց պատրիարքարանի շենքի վրա հարձակում է իրականացվել։ Մոտ 20 հոգուց բաղկացած խումբը քարեր է նետել պատրիարքարանի շենքի ուղղությամբ։

Հարձակման պատճառն ու մեղավորները դեռ հայտնի չեն. «Ակօս» հղումով գրում է Tert.am-ը:

Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նշել է, որ դեռ հայտնի չէ՝ հարձակումը պատրիարքարանի՞ն, թե՞ դրա մոտ գտնվող անցակետին է ուղղված եղել։

Քննությունը շարունակվում է:

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սուրի վարչական շրջանում, որտեղ արդեն 3 օր է պարետային ժամ է հայտարարված, ոստիկանության հատուկ ջոկատայինների բացած կրակից զոհվել է Հելին Շեն անունով 14-ամյա մի աղջիկ:

Ըստ թուրքական Demokrathaber.net լրատվական կայքի` Շենը սպանվել է իրենց տան այգում` գլխին և մարմնին հասցված բազմաթիվ հրազենային վնասվածքներից:

Աղջկա դին ուղարկվել է դատաբժշկական համապատասխան փորձաքննությունների, գրում է Ermenihaber.am-ը:

Աղբյուրը հաղորդում է նաև, որ Սուրի շրջանում անցկացվող հատուկ գործողության շրջանակում ուժայինները կոտրում են դռները, ներխուժում բնակարաններ, վիրավորում և նվաստացնում քուրդ բնակչությանը:

Ոստիկանական ուժերի կողմից իրականացվող գործողությունը զուգորդվում է շրջանի տարբեր մասերում ժամանակ առ ժամանակ որոտացող պայթյուններով: Իրավիճակը շարունակում է մնալ լարված:

95 մարդ է զոհվել հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած 2 պայթյունի հետևանքով: Պայթյունները տեղի են ունեցել տեղի ժամանակով մոտ 10:00-ին: 246 մարդ վիրավորվել է: Դա տեղի է ունեցել երկաթուղային կայարանի շրջանում, որտեղ անցնում էր արհմիությունների կազմակերպած «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» կարգախոսով հակապատերազմական հանրահավաքը:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ իշխանությունները պայթյունները որակել են որպես ահաբեկչություն: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդհատել է եռօրյա ծրագիրը Ստամբուլում և վերադարձել է մայրաքաղաք:

ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

ՔԱԿ-ն անկախության համար պայքար է մղում ժամանակակից Թուրքիայի արևելքում 80-ականներից ի վեր: Պատերազմի ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել, թուրքական տնտեսությանը 1984 թ. ի վեր հասցված վնասը գնահատվում է 1 տրլն դոլար:Անկարայի և քրդերի միջև հրադադարի մասին հայտարարվեց 2012-ի մարտին: Կողմերը մտադիր էին լուծել քուրդ փոքրամասնության խնդիրները խաղաղ ճանապարհով: Գործընթացը քիչ էր մնում ձախողվեր 2014-ին` ԻՊ կողմից քրդաբանկ Քոբանիի պաշարման ժամանակ: ՔԱԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը ցմահ ազատազրկման է դատապարտված, հայտարարեց, որ եթե քաղաքը գրավեն իսլամիստները, հրադադարին վերջ կտրվի: Որոշ ժամանակ անց Թուրքիան թույլ տվեց քրդկան ուժերին Իրաքից անցնել Սիրիա իր տարածքով: