13 հոկտեմբերի 2015 - 10:16 AMT
Իրադրությունն առաջնագծում. Հակառակորդը կիրառել է հրաձգային զինատեսակներ և ականանետեր

Հոկտեմբերի 12-ին և լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (1) և 82 մմ-ոց ականանետերից (17 արկ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերի 10-ին և 11-ին, հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

Նշված ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (36) և 82 մմ-ոց ականանետերից (30 արկ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց:

Հանգստյան օրերին հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք (17 արկ): Հոկտեմբերի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 800 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ ականանետերից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10.000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ամբողջ երկարությամբ մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Հոկտեմբերի 10-ի գիշերը` ժամը 03:05-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում (Թալիշի ուղղությամբ) հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ ուժերը ժամանակին հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբի առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և վերջինիս հասցնելով կորուստներ, հետ շպրտել իր ելման դիրքերը: Ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը կորուստներ չի կրել, հայտնում են ՊԲ մամլո ծառայությունից:

Սեպտեմբերին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 4000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 60.000 կրակոց, այդ թվում՝ 60 մմ ականանետից (1566 արկ), 82 մմ ականանետից (733 արկ), 120 մմ ականանետից (51 արկ), ՌՊԳ-7 տիպի նռնականետից (54 արկ), ՀԱՆ-17 տիպի նռնականետից (828 արկ), ՍՊԳ-9 տիպի նռնականետից (9 արկ), TR-107 հրթիռահրետանային կայանքից (168 արկ) և 122մմ Դ-30 հաուբից հրանոթից (30 արկ):