13 հոկտեմբերի 2015 - 11:09 AMT
Իտալական Մարկե նահանգի խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իտալիայի Մարկեի նահանգային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Բանաձևը զորակցություն է հայտնում հայ ժողովրդին Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:

«Հայ ժողովրդի ցեղասպանություն» խորագիրը կրող բանաձևի նախաձեռնողներն էին նահանգային խորհրդի անդամներ Ռապա Բորիսը, Պիերոնի Մորենոն, Բուսիլակի Ջանլուկան, Մարկոնի Լուկան, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Սեպտեմբերի 29-ին կայացած քաղաքային խորհրդի նիստում Իսպանիայի Վալենսիա մարզում գտնվող Սիյա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Մարտի 26-ին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել էր Իսպանիայի Պինտո քաղաքը, դրանից առաջ՝ մարտի 17-ին Բետերա քաղաքը, իսկ հունվարի վերջին` Իսպանիայի Բուրխասոտ քաղաքի քաղաքային խորհուրդը: 2014-ի հունիսին Իսպանիայի՝ հիմնականում բասկերով բնակեցված Նավարա ինքնավար համայնքի խորհրդարանը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագիր՝ դառնալով Ցեղասպանությունը ճանաչած չորրորդ շրջանն Իսպանիայում՝ Բասկերի երկրից, Կատալոնիայից և Բալեարիկ կղզիներից հետո:

Ապրիլի 17-ին Բասկերի խորհրդարանը դատապարտել է Հայոց «սարսափելի» ցեղասպանությունը և Թուրքիայից պահանջել ճանաչել այն, ինչպես նաև կոչ է արել «հաշտություն հաստատել երկու երկրի միջև` ընդհանուր պատմության հիմքով»:

Օգոստոսի 24-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել Ատլանտայի Միջհամայնքային հարաբերությունների հրեական խորհուրդը (Jewish Community Relations Council (JCRC)): Բանաձևը կոչ է անում ճանաչել Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունը և հորդորում Միացյալ Նահանգներին այդ դեպքերը «ցեղասպանություն» կոչել: Հուլիսի 31-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել Լատինական Ամերիկայի խորհրդարանը: Հուլիսի 24-ին բրազիլական Ռիո դե Ժանեյրոյի նահանգն օրենք է ընդունել, ըստ որի ապրիլի 24-ը հռչակում է «Հայոց ցեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակի օր»։

Մայիսի 29-ին Բրազիլիայի դաշնային խորհրդարանը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը: Այդպիսով, Բրազիլիան դարձել էր Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած 24-րդ երկիրը: Խորհրդարանի Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի հեղինակը Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերային է: Ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում ընդունել էր «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձև, որը հաստատում է 1987 թվականի՝ Ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել այն:

Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 24 երկիր, ինչպես նաև ԱՄՆ նահանգների մեծ մասը: