14 հոկտեմբերի 2015 - 16:03 AMT
Ցմահ դատապարտյալների հացադուլը շարուկանվում է. Փոխնախարարը հորդորել է զերծ մնալ ծայրահեղությունից

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարականով հոկտեմբերի 14-ին նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանի հետ այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 12-ից հացադուլի մեջ գտնվող ցմահ դատապարտյալներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քրմոյանն և Հովհաննիսյանը տեղում ծանոթացել են դատապարտյալների խնդիրներին, քննարկել դրանց լուծման ճանապարհները և հորդորել են դադարեցնել հացադուլը` զերծ մնալով ծայրահեղ քայլերից ու գործողություններից: Բացի այդ` նրանք ցմահ դատապարտյալներին տեղեկացրել են իրենց վիճակի բարելավմանն ուղղված մի շարք օրենսդրական նախաձեռնությունների իրականացման մասին:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 45 դատապարտյալ շարունակում է հոկտեմբերի 12-ին հայտարարված հացադուլը: Հացադուլավորների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Դատապարտյալները պահանջում են վերանայել իրենց գործերը: