6 նոյեմբերի 2006 - 17:24 AMT
Տ. Թորոսյան. ԵԱՀԿ ՄԽ վերջին առաջարկները տարբերվում են իրավիճակի ռեալ ընկալմամբ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին առաջարկները աչքի են ընկնում իրավիճակի ռեալ ընկալմամբ եւ հիմք են ընդունում ոչ թե միջազգայնորեն ընդունված երկու սկզբունքների` ազգերի ինքնորոշման իրավունքի ու տարածքային ամբողջականության սկզբունքի հակադրումը, այլ` համադրումը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը Լեհաստանի Սենատի մարշալ Բոգդան Բորուսեւիչի հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով, նման մոտեցումը ճկուն է լուծումներ գտնելու առումով, որոնք կբավարարեն Հայաստանին, Ադրբեջանին ու Լեռնային Ղարաբաղին:

Ռուս-վրացական հարաբերությունների առնչությամբ` Տիգրան Թորոսյանը նշեց, որ Հայաստանը շահագրգիռ է հակասությունների արագ հաղթահարմամբ եւ լարվածության թուլացմամբ: Նա կարեւորեց այս հարցում ԵՄ եւ եվրոպական մյուս կառույցների հավասարակշիռ վերաբերմունքը եւ նշեց, որ Հայաստանն էլ պատրաստ է հնարավորն անել: Կողմերը նշեցին, որ Հայաստանի տնտեսությունը հակասության հետեւանքով մեծ կորուստներ է ունենում: