16 հոկտեմբերի 2015 - 11:27 AMT
Կարապետյան. Ապագայում հնարավոր կլինի խուսափել «ՀԷՑ»-ի մասով էլէներգիայի սակագնի բարձրացումից

«Տաշիր» ընկերությունների խմբի և «Ինտեր ՌԱՕ» ընկերության պայմանավորվածության համաձայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (ՀԷՑ) շարունակելու է ամբողջ ծավալով կատարել իր կողմից նախկինում ստանձնած պարտավորությունները: Այս մասին ասել է «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը՝ ՀԷՑ-ի ձեռքբերման կապակցությամբ:

Նրա խոսքով՝ «Տաշիր»-ը նաև ամբողջությամբ իր վրա է վերցրել ՀԷՑ-ի կառավարման պարտականությունը, ընկերության կառավարումն էլ կլինի «պարզ, հանրության համար հասկանալի ու թափանցիկ՝ հիմնված կորպորատիվ պատասխանատվության բաղկացուցչի վրա»:

2015-ի սեպտեմբերի 30-ին «Տաշիր» ընկերությունների խումբը և «Ինտեր ՌԱՕ»-ն պայմանագիր են ստորագրել՝ ՀՀ էլեկտրաէներգետիկ ակտիվների առուվաճառքի վերաբերյալ։

«ՀԷՑ-ի զարգացման գերակա նպատակներից է հակաճգնաժամային ծրագրի ներդրումը, ընկերության ֆինանսական գործունեության օպտիմալացումը, սպասարկման որակի բարձրացումը և «ՀԷՑ»-ի ֆինանսա-տնտեսական վերահսկողության ապահովումը՝ այդ թվում նաև համապատասխան նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով», - ասել է Կարապետյանը՝ նշելով, որ նախատեսում են արդյունավետ ներդրումների միջոցով բաշխիչ ցանցերի ենթակառուցվածքի արդիականացում:

Նրա խոսքով՝ պայքարելու են կոռումպացված աշխատողների և անբարեխիղճ սպառողների դեմ ու ներքին ռեսուրսների կենտրոնացմամբ, այդ թվում նաև՝ էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմամբ, կրճատելու են ընկերության ծախսերը, որի արդյունքում հետագայում հնարավոր կլինի խուսափել ՀԷՑ-ի մասով էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից:

«3 միլիոն բնակչության շահը մեզ համար, անկասկած, առաջնային է և չի կարող համեմատվել որոշ կոռումպացված աշխատակիցների ու անբարեխիղճ սպառողների շահի հետ: Հայաստանի Հանրապետության բնակչությանն աջակցելու նպատակով որոշել եմ անձնական միջոցներիս հաշվին՝ ՀՀ կառավարության հետ հավասարության սկզբունքով, փոխհատուցել 2015-ի օգոստոսի 1-ից բարձրացված սակագների տարբերությունը՝ բնակչության և փոքր բիզնեսի համար», - ասել է Կարապետյանը՝ նկատելով, որ պատրաստ են նոր մոտեցումների, նոր որակի աշխատանքի և կառուցողական գործընկերային փոխհարաբերությունների հաստատմանը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատիրոջ պարտավորությունները վաճառքից հետո բավականաչափ ընդլայնվել են։ Գնորդ ընկերությունը նախկինից բացի, ստանձնել է նաև նոր պարտավորություններ, որոնք էական նշանակություն կարող են ունենալ ՀԷՑ-երի ֆինանսական վիճակի բարելավման համար, հայտնել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:

Մասնավորապես, սեփականատիրոջ պարտավորությունների մեջ է մտնում առնվազն 2%-ով նվազեցնել ընկերության տեխնոլոգիական կորուստները։ Մյուս կողմից՝ վերջինս պարտավոր է թույլ չտալ առևտրային կորուստների ավելացում՝ 2014-2015թթ. սակագնային տարվա համեմատ։

Առաջիկա 5 տարվա ընթացքում նոր սեփականատերը պետք է ներդնի միջազգային ISO ստանդարտներ, էապես բարելավի ընկերության որակի կառավարումը և էներգետիկայի համակարգը։

Գնորդը պարտավոր է պայմանագրերում ամրագրված ժամկետներում ապահովել ընկերության կողմից 100% վճարումներ՝ արտադրողներին և ծառայություն մատուցողներին։