16 հոկտեմբերի 2015 - 14:55 AMT
Փորձաքննություն. Պերմյակովը հոգեկան խնդիրներ ունի, բայց մեղսունակ է

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբանները հոկտեմբերի 16-ին լրագրողներին ներկայացրել են Ավետիսյանների սպանության գործի զարգացումները՝ ստացված փորձագետների եզրակացության հիման վրա:

Փաստաբան Լուսինե Սահակյանը նշել է, թե հայկական կողմի փորձաքննության՝ հոգեբուժական և հոգեկան վիճակի մասին եզրակացությամբ հաստատվել է՝ Վալերի Պերմյակովն ունի հոգեկան լուրջ խնդիրներ, սակայն նա մեղսունակ է, այսինքն՝ ենթակա է պատասխանատվության, գրում է Tert.am-ը:

Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության մեջ մեղադրվող ռուսական ռազմաբազայի նախկին զինծառայող Վալերի Պերմյակովի հոգեկան առողջության փորձաքննություն արդեն կատարել էր ռուսական կողմը: Դրա արդյունքներով Պերմյակովը մեղսունակ է ճանաչվել:

Փաստաբանը շեշտել է, որ իրենք անհրաժեշտություն են համարել, որ հայկական կողմը նույնպես հոգեբուժական և հոգեբանական փորձաքննություն անցկացնի, քանի որ ռուսական կողմի փաստաթղթերում կային տվյալներ, որոնք հիմք են տալիս պնդելու, որ Պերմյակովն ունի լուրջ հոգեկան խնդիրեր, մինչդեռ ներկայացվել է, որ չնայած առկա որոշ հանգամանքներին՝ նա լիովին առողջ անձնավորություն է:

Ըստ հայկական կողմի իրականացրած դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության՝ նա ինֆանտիլ անձ է, բնավորության պսիխոպաթոնման գծերով և հուզական էմոցիոնալ թերհասությամբ, սակայն փորձագետները համարել են, որ նա մեղսունակ է: Ըստ Լուսինե Սահակյանի՝ փորձագետները եզրահանգել են, որ Վալերի Պերմյակովին հատուկ են իմպուլսիվություն, կամակորություն, եսակենտրոնություն, իրավիճակային ագրեսիվություն, բռնկվողականություն` տագնապային համակցումով, պրիմիտիվություն և ֆանտազյորություն, նաև` հուզական լարվածության ժամանակ ադապտացիայի դժվարություններ, շտապողականություն`դյուրագրգռության համակցումով, գրում է Erkir.am-ը:

Ըստ Սահակյանի՝ այդ փաստաթղթերից, որոնք բարեբախտաբար չեն ոչնչացվել ռուսական կողմից՝ ակնհայտ է դառնում, որ ժամանակին Պերմյակովը բազմիս գտնվել է հոգեբուժների հսկողության տակ, նա զորակոչվել է բանակ, որտեղ նա դրսևորել է տարօրինակ վարք, սուիցիդալ դրսևորում, ագրեսիվություն:

«Մասնավորապես՝ համածառայակիցները նշել են, թե առնվազն երեք օր նա անընդհատ լալիս էր, թե մայրս մահացել է, հետո ըստ ծառայակիցների, հանդարտվել է, բայց գիտենք, որ նրա մայրը կենդանի է: Նաև ընկերների հետ խոսել է «Oդնոկլասնիկի» կայքով, թե մարտի է մասնակցում ու յուրաքանչյուր գիշեր 40 հազար կրակոց արձակում: Այս փաստերը խոսում են, որ լուրջ խնդիրներ ունի», - ասել է փաստաբանը՝ հավելելով, որ նաև հայտնի է նույն փաստաթղթերից, որ 14 տարեկանից Պերմյակովը ոգելից խմիչքներ և թմրամիջոցներ է օգտագործել:

Նշվել է, որ նրան արգելված է եղել ծառայությունն անցկացնել զենքով:

«Այդ ընթացքում հոգեբույժները հստակ նշել են, որ արգելվում է, որպեսզի նա զենքով ծառայություն իրականացնի, և սա փաստաթղթավորված է: Սակայն, ինչպես մենք գիտենք, նույնիսկ այն բանից հետո, երբ հատուկ ցուցում է եղել, որ նա չի կարող զենքով ծառայություն իրականացնել, այդուհանդերձ, զենքը հայտնվել է նրա ձեռքում, և նա ծառայության եղել է զենքով, ոչ թե այդ զենքը հափշտակել է և նոր լքել ծառայության վայրը», - ասել է Սահակյանը:

«Մի առումով նա շատ խղճալի վիճակում էր, որովհետեւ ասում էր՝ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես սպանեցի երեխաներին, նրանք իմ համար ծաղիկներ են, շատ եմ սիրում երեխաների: Մեկ էլ ասում էր՝ արել եմ, այդպես ստացվեց եւ ժպտում էր ամբողջ ընթացքում: Երբ նրան հարցնում էին՝ հոգիդ չի՞ ցավում, ասում էր՝ ոչ: Հարցնում էին՝ չէ՞ որ զղջում ես, ասում էր՝ չէ, իմ մարմնի ոչ մի տեղն էլ չի ցավում, հոգիս ո՞նց կարա ցավա», - ասել է Սահակյանը, մեջբերում է Aysor.am-ը:

Նա նաև պատմել է, որ Պերմյակովն արդեն իր կյանքն ավարտված է համարում և ասել է՝ ես գիտեմ, որ իմ կյանքն արդեն չկա, միայն խնդրում եմ, որ ինձ հասկանան ու ներեն:

Փաստաբանը նաև հայտնել է, որ այն ժամանակ, երբ Պերմյակովն անազատության մեջ է եղել արդեն, նրա մոտ խուզարկությամբ նոթատետր է հայտնաբերվել, որում եղել է նամակ՝ ուղղված ծնողներին: «Այնտեղ նա նշում է, որ` այն, ինչ կատարվել է, ինքը չի արել, այլ իր միջի մարդը: Նաև այնտեղ նա մանրամասն նկարագրում է, թե ինչ իրավիճակում է գտնվել հանցագործությունը կատարելիս, ասում է, որ` մեկ վայրկյանում իր սիրտը 1000 զարկ էր կատարում»:

102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը դատապարտվել է10 տարվա ազատազրկման՝ զենքով դասալքության, զենք և զինամթերք գողանալու և դրա անօրինական ձեռքբերման, փոխանցման, պահպանման, տեղափոխության և կրման հանցագործությունների համար նախատեսված ՌԴ քրեական օրենսգրքի երեք հոդվածով: Դատապարտյալը պատիժը կկրի խիստ ռեժիմով գաղութում: Այսպիսի դատավճիռ է կայացրել Հայաստանում տեղակայված Ռուսաստանի 5-րդ կայազորային զինդատարանը օգոստոսի 12-ի նիստում:

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվել էին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ հունվարի 19-ին մահացել էր: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք էր առաջադրվել, նա ընդունել էր կատարած հանցանքը: Նրան տեղափոխել էին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել հասարակության շրջանում:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը վարույթ է ընդունել հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի՝ 7 անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրգործը։ Կազմվել է քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀԿԳ քննության գլխավոր վարչության և Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ինքնաձիգ, ինքնաձիգից արձակված պարկուճներ, պահունակ՝ փամփուշտներով, ՌԴ զինծառայողի տարբերանշանով զինվորական համազգեստ, կոշիկներ:

Ըստ Պերմյակովի ցուցմունքի, նա Ավետիսյանների տանը մնացել է 10-15 րոպե, տեղանքին ծանոթ չի եղել: Զինծառայողը ցանկացել է անցնել հայ-թուրքական սահմանը, սակայն սահմանապահները ձերբակալել են: Ըստ սղագրության, «Պերմյակովը հայտարարել է, որ սկզբում սպանելու մտադրություն չի ունեցել, այլ ուղղակի վախեցնելու համար օդ է կրակել»: Ավետիսյանների տանից նա ուզում էր միայն փող վերցնել, իսկ մեկ այլ տնից հագուստ`Թուրքիա, հետո Ռուսաստան հեռանալու նպատակով: Ինքնաձիգը վերցրել է, որպեսզի շներին քշի, հետագայում մտադիր է եղել վաճառել զենքը: Պատահական տուն է մտել, մարդիկ քնած են եղել, բայց արթնացել են: Նա վախեցել է և սպանել նրանց, թողել ամեն ինչ և փախել: Պերմյակովն ասել է, որ ուզում էր ընդհանրապես խուսափել ծառայությունից: Նա ասել է, որ մեղսակից չունի, ինքն է որոշել փախչել պահակակետից դրանից մի քանի օր առաջ: Ըստ նրա, հասկանում էր, որ կողոպուտ է կատարում, երբ զենքով լքում էր զորամասը: