16 հոկտեմբերի 2015 - 16:49 AMT
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կգլխավորի ԵՏՀ-ն

2016-ի փետրվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության նախագահությունը կստանձնի Հայաստանը, իսկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կգլխավորի ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Այդ մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵՏՄ հոկտեմբերի 16-ի նիստում, հայտնում է Ինտերֆաքսը:

Լուկաշենկոն նշել է, որ Սարգսյանի թեկնածությունը ստացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հավանությունը: «Նրա թեկնածությանը հավանություն է տվել ՌԴ նախագահը, նա աշխատել է Սարգսյանի հետ, ասում են, շատ փորձառու, առաջատար մասնագետ է»,-ասել է Բելառուսի նախագահը:

Այժմ ԵՏՀ-ն գլխավորում է ՌԴ-ն ներկայացնող Վիկտոր Խրիստենկոն:

ԵՏՄ-ում այժմ նախագահում է Բելառուսը: Լուկաշենկոն հայտնել է նաև, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստը տեղի կունենա դեկտեմբերին Մոսկվայում:

Տիգրան Սարգսյանն ԱՄՆ-ում ՀՀ գործող դեսպանն է: Նշանակվել է այդ պաշտոնում 2014-ին: 2008-2014 թթ. Սարգսյանը եղել է Հայաստանի վարչապետը, 1998-2007 թթ. ղեկավարել է ՀՀ Կենտրոնական բանկը: 1993-1995 թթ. եղել է Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահը: Սարգսյանը տնտեսական գիտությունների թեկնածու է: