16 հոկտեմբերի 2015 - 17:52 AMT
Պոպովը բացատրել է՝ ինչու ՄԽ-ն «ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ով է սրում իրավիճակը»

Ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ոչ դիտորդները, որոնք գտնվում են ԼՂՀ հակամարտության գոտում, հնարավորություն չունեն մեղավորին պարզելու առանց ղարաբաղյան գոտում տեղի ունեցած միջադեպերի համապատասխան հետաքննության: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում:

Ըստ նրա, հակամարտության կողմերը բազմիցս են հայտարարել հակամարտությունը կարգավորելու, վիճահարույց հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու իրենց ձգտման մասին: Սակայն վերջերս ակնհայտ է սահմանին և շփման գծում զինված հակամարտության ակտիվացումը հրետանու, խոշոր տրամաչափի գնդացիրների, համազարկային հրթիռային կայանքների կիրառմամբ: Նկատելիորեն ավելացել է կորուստների քանակը, այդ թվում քաղաքացիական անձանց շրջանում: Ընդ որում կողմերն ավանդաբար հրադադարի խախտման համար պատասխանատվությունը միմյանց վրա են բարդում:

«Սակայն, ոչ ԵԱՀԿ համանախագահները, ոչ դիտորդները, որոնք գտնվում են հակամարտության գոտում, հնարավորություն չունեն մեղավորներին պարզելու առանց ղարաբաղյան գոտում տեղի ունեցած միջադեպերի համապատասխան հետաքննության: Ուստի մեր «եռյակը» դեսպան Կասպրշիկի հետ միասին մշակել է և նախագահներին է ներկայացրել զինված միջադեպերի հետաքննությունների անցկացման մեխանիզմի նախագիծը: 2012-ի հունվարին Սոչիում եռակողմ գագաթնաժողովում քննարկելուց հետո նախագահները հանձնարարեցին համանախագահներին շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ: Մեխանիզմը հիմնական լրամշակվեց ԵԱՀԿ ռազմական փորձագետների մասնակցությամբ և հանձնվեց կողմերին: Կարծում եմ, որ դրա գործնական կիրառումը թույլ կտար պատասխանել այդ հարցին»,-ասել է միջնորդը` հավելելով, որ նման մեխանիզմի առկայությունը կստիպեր ավելորդ անգամ մտածել հրադադարի ռեժիմը խախտելուց առաջ:

«Եթե խոսելու լինենք վստահության միջոցների ամրապնդման մասին, ապա պետք չէ սահմանափակվել միայն ռազմական ոլորտով: Ժամանակին ռուսական միջնորդության ակտիվ աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին նպաստել հումանիտար շփումների զարգացմանը: Ելնում էին նրանից, որ երկխոսության հաստատումը մտավորականների, գիտական և հասարակական շրջանակների միջև կարող էր դրական ազդել բանակցությունների մթնոլորտի վրա: Մի քանի նման հանդիպում եղավ: Չի կարելի ասել, որ միշտ ամեն ինչ հաջովել է: Եղել են արդյունավետ քննարկումներ, նաև անհաջողություններ: Կարծում եմ, որ կարևոր է խուսափել նման շփման քաղաքականացումից` հաշվեհարդարի հարթակ այն չդարձնելու համար»,-ասել է ռուս դիվանագետը:

Նա նշել է նաև, որ ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հարց կարող է առաջանալ, երբ ձեռք բերվեն հիմնական պայմանավորվածությունները: «Խաղաղապահների տեղակյմանը պետք է նախորդի ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձևը, ինչպես դա նախատեսված է ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշմամբ: Խաղաղապահ զորակազմերի ընտրությունը մասնակից երկրների առումով պետք է կատարվի բացառապես հակամարտության կողմերի համաձայնությամբ»,-ասել է Պոպովը:

Վերջին շրջանում իրավիճակը ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված է:

Սեպտեմբերին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 4000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 60.000 կրակոց, այդ թվում՝ ականանետերից, նռնականետերից TR-107 հրթիռահրետանային կայանքից և 122մմ Դ-30 հաուբից հրանոթից:

Ի պատասխան այդ գործողություններին հայկական բանակը սպառնաց աանհրաժեշտության դեպքում հրթիռահրետանային հարվածներ հասցնել Ադրբեջանի ցանկացած դիրքերին: Սերժ Սարգսյանն էլ հայտարարեց, որ այլընտրանքի բացակայության դեպքում Ադրբեջանի «պատժիչ սուրը» հայկական կողմն է լինելու: «Երբ ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, դատարկ խոսքեր չեն: Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են», - նշել է նա: Նախագահը վստահեցրել է, որ նման իրավիճակում հայկական կողմը կստիպի Ադրբեջանի կառավարությանը հաշվետու լինել իր ժողովրդին՝ նրան պատճառած նորանոր տառապանքների համար:

ԵԱՀԿ ՄԽ-ն իր հերթին կոչ արեց Բաքվին համաձյնվել սահմանին միջադեպերի քննության մեխանիզմի կիրառմանը` նշելով, որ Երևանը համաձայն է քննարկել մանրամասները: