Սիրիայի բանակը ծանր մարտեր է մղում Հալեպի Պանի Զէյտ և Տուար Ալ Շայխան շրջաններում: Բանակը ցամաքին համոզիչ հաջողությունների է հասել:
Բանակը ահաբեկիչներից ազատվել ցանկացող բնակիչներին կոչ է արել իրենց պատուհանների պատշգամբներից ճերմակ դրոշներ պարզել, գրում է «Արևելք»-ը:
Զինվորները նաև բնակչությանը կոչ է արել զերծ մնալ ահաբեկիչ զինյալներին սեփական բնակարաններում ընդունելուց: Սիրիական բանակը վստահեցրել է, որ չի խնայելու եւ դաժանորեն պատժելու է այն քաղաքացիներին, որոնք իրենց բնակարաններում կապաստանեն ահաբեկիչներին:
Հոկտեմբերի 16-ին Reuters գործակալությունը հայտնել է, որ Բաշար ալ-Ասադի բանակն Իրանից և Լիբանանից զինվորականների աջակցությամբ խոշոր հարձակում է սկսել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող սիրիական Հալեպ քաղաքից հարավ ընկած հատվածում:
Իսլամիստների դեմ միջազգային կոալիցիան գլխավորող ԱՄՆ-ն ռմբակոծում է Իրաքի տարածքում գտնվող ԻՊ դիրքերը:
2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:
2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: