Հունաստանի խորհրդարանն ընդունել է բարեփոխումների փաթեթը, որով նախատեսվում է խիստ տնտեսման միջոցներ կիրառել, որոնք համաձայնեցված են վարկատուների հետ Աթենքին ֆինանսական աջակցության շրջանակում, հայտնել է BBC-ին: Կողմ է քվեարկել կառավարական կոալիցիայի կուսակցությունները ներկայացնող 154 պատգամավոր:
Մասնավորապես նախատեսվում է ազատականացնել էներգետիկ շուկան, նվազեցնել կենսաթոշակային տարիքը, կրճատել կենսաթոշակները, խստացնել պատիժը հարկերի վճարումից խուսափելու համար:
Ավելի վաղ ներկայացվեց 2016-ի բյուջեի նախագիծը: Հունաստանի ՀՆԱ-ն, հավանաբար, կշարունակի անկումն առնվազն մինչև 2016-ի ավարտը:
Փաստաթուղթը ենթադրում է Հունաստանի տնտեսության 2,3% կրճատում 2015-ին` նախորդ տարվա 0,8% բարձրացումից հետո, իսկ 2016-ին կանխատեսվում է ևս 1,3% նվազում: Այս գնահատականները համապատասխանում են այն ցուցանիշներին, որոնք ընդունված են որպես հիմք Հունաստանին միջազգային ֆինանսական օգնության երրորդ չափաբաժնի ծրագրի համար:
Գործազրկության մակարդակը Հունաստանում հավանաբար կբարձրանա մինչև 25,4%, նախորդ տարվա 24,6% դիմաց, իսկ գալիք տարի կկազմի արդեն 25,8%:
Հունաստանի բյուջեի առաջնային պակասուրդն առանց տոկոսների վճարման 2015-ին կկազմի ՀՆԱ 0,24%-ը կամ 418 մլն եվրո: 2016-ին Հունաստանի կառավարությունը մտադիր է դուրս գալ ՀՆԱ 0,52%-ի մակարդակի, հայտնում է Interfax-ը:
Հունաստանի պետպարտքն աճում է, չնայած միջազգային փորձագետների հայտարարություններին այն մասին, որ հարկավոր է նվազեցնել երկրի տնտեսության պարտքային բեռը` 2015-ին այն կհասնի ՀՆԱ 181,8%-ի, իսկ 2016-ին` ՀՆԱ 192,4%-ի:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է խորհրդարանականներին, որ վարկատուների հետ պարտքային բեռի թեթևացման շուրջ բանակցություններում կառավարությունը մտադիր է առաջարկել երկարացնել մարման ժամկետները և նվազեցնել ֆիքսված տոկոսադրույքները:
Մինչդեռ Հունաստանի համար ԱՄՀ օգնության գործող ծրագիրն ավարտվում է 2016-ի մարտին և ստեղծված հանգամանքներում կազմակերպությունը կարող է հրաժարվել այդ երկրի օգնությանը հետագա մասնակցությունից, նշում են արևմտյան ԶԼՄ-ները:
Հուլիսին ԱՄՀ զեկույցը Հունաստանում պարտքային ճգնաժամի վերաբերյալ հանրության սեփականությունը դարձավ տեղեկատվության արտահոսքի պատճառով: Այլընտրանքների թվում հիմնադրամի փորձագետներն առաջարկել են Հունաստանին տրամադրել պարտքային վճարումների ամբողջական մորատորիում 30 տարի ժամկետով:
Հունաստանն ու նրա վարկատուները համաձայնության են եկել բարեփոխումների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ էին այդ երկրին օգնության երրորդ ծրագրի շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկի համար: Բրյուսելի գագաթնաժողովը միաձայն համաձայնության եկավ, որը լուրջ ֆինանսական բարեփոխումներ է ենթադրում և ֆինանսական աջակցություն: Խոսքը 82-86 մլրդ եվրո արժողությամբ 3-ամյա ծրագրի մասին է, այն պայմանով, որ Հունաստանը արդեն առաջիկայում կշարունակի առանցքային բարեփոխումները, այդ թվում կենսաթոշակային, սննդամթերքի շուկայի և աշխատանքի բորսայի բարեփոխումները:
Հունաստանը պետք է մասնավորեցնի 50 մլրդ եվրո ընդհանուր արժողությամբ օբյեկտներ: «Ինտերֆաքսը» Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումի վրա հղումով հայտնում է, որ գումարը փոխանցվելու է հատուկ հիմնադրամի: Այդ միջոցների մի մասը` 25 մլրդ եվրո, կօգտագործվի հունական բանկերի վերակապիտալիզացման համար:
Ճգնաժամի ընթացքում Հունաստանին հատկացվել է 240 մլրդ եվրո վարկ, որոնք, սակայն «կորան» անարդյունավետ տնտեսության «սև փոսում»` ծանր բեռ դառնալով հույն և եվրոպացի հարկատուների համար: 6 տարում` 2008-2014 թթ. երկրի ՀՆԱ-ն 240 մլրդ եվրոյից նվազել է մինչև 180 մլրդ եվրո, բնակչության եկամուտները նվազել են 40 տոկոսով, գործազրկությունն աճել է 27 տոկոսով: