8 նոյեմբերի 2006 - 04:19 AMT
Լիբանանը փորձադաշտ է, որտեղ մշակվում են Մերձավոր Արեւելքի համար նախատեսված օրինակները
Լիբանանյան իրադարձությունները կարող են նշանակալից դառնալ տարածաշրջանի համար, Լիբանանը փորձադաշտ է, որտեղ մշակվում են Մերձավոր Արեւելքի համար նախատեսված որոշ օրինակներ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է արեւելագետ, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը: «Հենց Լիբանանում առաջին անգամ իսլամսիտները սկսեցին պատերազմ վարել պետությունների դեմ, Լիբանանում ԱՄՆ-ը առաջին անգամ փորձարկեցին ճշգրիտ հարվածները, Ռաֆիկ Հարիրիի սպանությունից հետո, Արեւմուտքի օգնությամբ իրագործվեց «մայրու հեղափոխությունը»: Այնպես որ, կարելի է Վրաստանի հետ զուգահեռներ տանել, որին փորձում են դարձնել «օրինակելի ժողովրդավարության» ցուցանակ»,- նշել է Մանուկյանը: Նա հիշեցրել է, որ 2006 թվականի հոկտեմբերի 11-ին օրենք է ընունվել Իրաքի դաշնային կառուցվածքի վերաբերյալ: «Գործնականում դա նշանակում է, որ Քրդական ինքնավարությունը իրավական հիմք է ստանում` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Դաշնային Իրաքը քայլ է դեպի Քրդստանի անկախություն, որը փոխում է տարածաշրջանի ողջ պատկերը: Սակայն ես պետք է ընդգծեմ, որ Իրաքն ու Վրաստանը ժողովրդավարության արմատավորման քրեստոմատիական օրինակներ են»,- ասել է նա: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա, Մանուկյանի կարծիքով, լինելով աշխարհիկ պետություն, Ադրբեջանը, այնուամենայնիվ, դանդաղ քայլերով դառնում է իսլամական: «Ադրբեջանի իշխանությունները փորձում են երկրի իսլամականացումը կառավարելի դարձնել: Սակայն մզկիթների եւ աղոթարանների թիվը գնալով ավելի ու ավելի է աճում: Իսլամականացման տենդենցը տարածաշրջանում Թուրքիային եւս չի շրջանցել: Նա այժմ ավելի հանգիստ կվերաբերվի Եվրոպայի մերժմանը: Այս երկրի համար ավելի լավ է լինել տարածաշրջանային առաջնորդ, քանի Եվրամիության անդամ: Ի դեպ, Թուրքիայում կատարվել է գաղափարախոսության փոփոխություն. Քեմալ Աթաթուրքի «Առա'ջ, դեպի Եվրոպա» նշանաբանի փոխարեն այսօր ավելի արդիական է Ռեջեփ Էրդողանի «վերադարձ դեպի Արեւելք» կոչը»,- ընդգծել է հայ գիտնականը: