Անկարայի դատարանը հոկտեմբերի 18-ին որոշում է կայացրել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մեջ կասկածվողներից 4-ին ձերբակալելու մասին, հայտնում է Hurriyet-ը:
Երկու բերման ենթարկվածներին դատարանը որոշել է ազատ արձակել: Դատական նիստը փակ է եղել և տևել է ավելի քան 7 ժամ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հոկտեմբերի 18-ին Ստամբուլի ոստիկանությունը մոտ 50 օտարերկրացի քաղաքացիների էր բերման ենթարկել Անկարայում ահաբեկչությանը մեղսակից լինելու կասկածանքով: Նրանց քաղաքացիության մասին տվյալներ եչն հարոդվել: DHA գործակալությունը ոստիկանությունում աղբյուրի վրա հղումով հայտնել է, որ բերման ենթարկված օտարերկրացիները պատրաստվում էին Սիրիա և Իրաք մեկնել` համալրելու համար ԻՊ շարքերը:
Հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած պայթյունների հետաքննության շրջանակում հետախուզվողների թվում նաև ադրբեջանուհի Ուլկեր Մամեդովան է:
Ավելի ուշ Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Հասան Զեյնալովը պաշտոնապես հաստատել է, որ Անկարայի պայթյունի գործով կասկածյալ Ուլկեր Մամեդովան Ադրբեջանի քաղաքացի է: «Մամեդովան Ադրբեջանի քաղաքացի է, որը երկար տարիներ ապրել է Թուրքիայում: Մեր հետաքննությունը շարունակվում է»,-ասել է նա:
Հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած 2 պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 102-ի: 246 մարդ վիրավորվել է: Դա տեղի է ունեցել երկաթուղային կայարանի շրջանում, որտեղ անցնում էր արհմիությունների կազմակերպած «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» կարգախոսով հակապատերազմական հանրահավաքը:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ իշխանությունները պայթյունները որակել են որպես ահաբեկչություն:
Հոկտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ Անկարայի դատարանն արգելել է տեղեկություններ հրապարակել Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին: Որպես հիմնական պատճառաբանություն նշվում է, որ մեդիայի հրապարակումներում կասկածյալների, նրանց գտնվելու վայրի, օգտագործած մեքենաների մասին տեղեկությունների հրապարակումները կարող են խոչընդոտել կասկածյալներին բռնելու գործընթացն ու վտանգել հանրության կյանքն ու ազգային անվտանգությունը: