19 հոկտեմբերի 2015 - 18:21 AMT
Բաղրամյանի ցուցարարների դեմ քրգործը վերաբացվել է

Բաղրամյան պողոտայում հունիսի վերջի բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարների դեմ հարուցված քրեական գործը վերաբացվել է։ Գլխավոր դատախազությունը պաշտոնապես հաստատել է, որ հսկողություն իրականացնող դատախազը վերացրել է «խուլիգանության» հոդվածով հարուցված գործի վարույթը կարճելու՝ Քննչական կոմիտեի քննիչի ամիսներ առաջ կայացրած որոշումը։ Ցուցում է տրվել շարունակել նախաքննությունը։

«Ոչ թալանին» քաղնախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց սկսեցին Ազատության հրապարակում: Արդեն ամսի 22-ին նրանք երթով շարժվեցին դեպի ՀՀ նախագահի նստավայր՝ իրենց բողոքն արտահայտելու, բայց ոստիկանությունը փակել էր դեպի նախագահական տանող Բաղրամյան պողոտայի սկզբնամասը: Ցուցարարները որոշեցին նստացույցը շարունակել հենց ոստիկանական պատնեշի մոտ: 10 ժամ տևած նստացույցից հետո ոստիկանությունը բազմաթիվ կոչերից հետո գործողությունների դիմեծ՝ ջրցան մեքենայի միջոցով փորձելով ցրել նստացույցը: Դրանից բացի, ցուցարարների, ինչպես նաև ցույցը լուսաբանող մի շարք լրագրողների հանդեպ իրավապահները ֆիզիկական ուժ կիրառեցին, կոտրելով նաև տեսա- ու ֆոտոխցիկները: ավելի ուշ մոտ 25 մարդ բուժօգնության դիմեց՝ ստացված վնասվածքների պատճառով:

Ցույցի վայրից 237 քաղաքացի բերման ենթարկվեց ոստիկանության տարբեր բաժանմունքներ, որոնք ավելի ուշ բաց թողնվեցին:

Քրեական գործն ի սկզբանե հարուցված է լրատվամիջոցի հրապարակման հիման վրա, որից նախաքննական մարմինը եզրակացրել էր, որ հունիսի 22-ի ժամը 19։30-ից սկսած տևական ժամանակ «մի խումբ անձինք, անօրինական հավաք, երթ, ապա նաև նստացույց կազմակերպելով, Բաղրամյան պողոտայում ամբողջությամբ խափանել են հասարակական տրանսպորտի երթևեկությունը, բազմաթիվ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը, խաթարել անդորրը՝ դրանով իսկ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության անդամների նկատմամբ»։

Ավելի ուշ Քննչական կոմիտեն ցուցարարների գործողություններում որևէ հանցակազմ չտեսավ և գործը կարճեց։ Բայց Գլխավոր դատախազությունը, փաստորեն, սեպտեմբերի 25-ի որոշմամբ, ցուցում է տվել գտնել խուլիգաններին։ Վերահսկող դատախազը հիմնավորել է, որ չեն պահպանվել «գործի արդարացի քննության» պահանջները (Քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդված), «բացահայտված հանգամանքներին քննիչի կողմից չի տրվել քրեաիրավական գնահատական», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանը, ով 100-ից ավելի հարցումով փորձել է պարզել այդ ցույցերի ժամանակ կատարվածի մանրամասները, զավեշտալի է որակում այս իրավիճակը։

«Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը 237 հոգու տանում է բաժին՝ պնդելով, որ 237 հոգու բռնել է հանցագործություն, այն է՝ խուլիգանություն կատարելուց կամ խուլիգանություն կատարելուց անմիջապես հետո։ Այնուհետև Քննչական կոմիտեն խուլիգանության գործը կարճում է՝ հանցակազմի բացակայության պատճառով, ասելով, որ այդտեղ որևիցե մեկը խուլիգանություն չի արել։ Ստացվում է, որ ոստիկանությունը մասսայական տեսիլք է տեսել՝ 237 հոգու գործողություններում խուլիգանություն նկատելով, երբ խուլիգանություն տեղի չի ունեցել։ Այնուհետև դատախազությունը գալիս է փրկելու ոստիկանության իմիջը, և քրեական գործը վերաբացում է», - ասել է նա:

Ցուցարարներն ու վերլուծաբանները գործի վերաբացման տակ քաղաքական ենթատեքստ են տեսնում՝ դա կապելով սահմանադրական փոփոխությունների դեմ սկսված շարժման հետ։