20 հոկտեմբերի 2015 - 16:10 AMT
Հայկական կազմակերպությունը կոչ է արել Թուրքիայի ընտրություններում քվեարկել քրդամետ կուսակցության օգտին

Հանուն արդարության և ժողովրդավարության հայկական եվրոպական դաշինքը (EAFJD) կոչ է արել Եվրոպայում գտնվող Թուրքիայի քաղաքացիներին նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններում քվեարկել քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) օգտին: Կազմակերպությունը մասնակցել է դիտորդական առաքելությանը Թուրքիայում հունիսի 7-ի ընտրություններում:

Ինչպես հայտնում է The Armenian Weekly-ին, կազմակերպության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ ԺԴԿ-ն հանդես է գալիս հօգուտ խաղաղության, արդարության, հավասարության և ազատության: EAFJD-ն, որի անդամները դիտորդական առաքելություն են իրականացրել Թուրքիայում հունիսի 7-ի ընտրություններում, հայտարարել է, որ ակնկալում է Անկարայից ազատ և արդար ընտրարշավի անցկացում: «Աջակցությունը ԺԴԿ-ին պայմանավորված է ընդհանուր արժեքներով և մի շարք հարցերի շուրջ ընդհանուր մոտեցումներով»,-ասվում է հայտարարության մեջ:

2014-ի հունիսին ԺԴԿ կողմից Թուրքիայի նախագահի թեկնածուի պաշտոնում առաջադրված Սելահադդին Դեմիրթաշը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում մտադիր է վճռական քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Իսկ 2015-ի սեպտեմբերին ԵՄ գծով Թուրքիայի նախարար, ԺԴԿ անդամ Ալի Հայդար Քոնջան, ներկայացնելով իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, հայտարարեց, որ ակնհայտ է համարում հայերի կոտորածի փաստը:

Հունիսի 7-ին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան, որին մասնակցեց 20 կուսակցություն: Ընտրությանը մասնակցել է 53 մլն ընտրող:Ընտրության արդյունքների հրապարակումից հետո 45 օրվա ընթացքում երկրում պետք է կառավարություն ձևավորվեր: Սակայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը բացարձակ մեծամասնություն կազմել չի կարողացել և ստիպված է կոալիցիոն կառավարություն ձևավորել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 9-ին ԱԶԿ առաջնորդ, վարչապետ Ահմեդ Դավութօղլուին հանձնարարեց կառավարություն ձևավորել: Վարչապետը կոալիցիոն բանակցություններ վարեց մյուս 3 խորհրդարանական կուսակցությունների հետ: Սակայն 45 օրվա ընթացքում կառավարություն չհաջողվեց ձևավորել:

Այս ընտրություններում գլխավոր գերխնդիրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանինն էր. «նրա» կուսակցութունը՝ «Արդարություն և զարգացում»-ը ծրագրում էր ստանալ ձայների մեծամասնությունը, հետևաբար նոր Սահմանադրություն մշակելու հնարավորություն: Նոր Սահմանադրությունը փոխելու է երկրի կառավարման համակարգը՝ ընդլայնելով նախագահի լիազորությունները, ինչին դեմ են ընդդիմադիր ուժերը:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում կայանլու են նոյեմբերի 1-ին: