Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Կոստա Ռիկայի ԱԳՆ ղեկավար Մանուել Գոնսալես Սանսի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրել է լրագրողներին ԵԱՀԿ Մինսկի խմբի այցի մասին: Ըստ նրա, համանախագահները հոկտեմբերի 26-ին կայցելեն Երևան, իսկ 28-ին կժամանեն Ադրբեջան:
Անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման հարցին` նա ասել է. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամկետների և վայրի հարցում շտապել պետք չէ: Համանախագահների այցի ժամանակ այդ հարցը կքննարկվի: Երկու ճանապարհ կա. կամ նախագահները կընտրեն հանդիպման վայրը, կամ համանախագահները կժամանեն պատրաստի առաջարկով: Ամեն դեպքում մենք սպասում ենք համանախագահների այցին տարածաշրջան», հայտնում է AZE.az-ը:
Ավելի վաղ Տալլինի Պաշտպանական հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Բրայզան կարծիք հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումը որևէ արդյունք չի տա:
Ըստ նրա, առաջիկա հանդիպումից հետո բեկման սպասել պետք չէ: «Անհնար է հասնել խաղաղության, քանի դեռ կողմերի միջև բացակայում է վստահությունը: Ես ոչ մի շանս չեմ տեսնում, որ հանդիպումն արդյունավետ կլինի, սակայն, այն պետք է կայանա, որպեսզի հնարավոր լինի սկսել վստահություն կառուցել, ինչն ինքնին բարդ ու տևական գործընթաց է»,-ասել է Բրայզան:
Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ «ամենաբարձր մակարդակի հանձնառությունը վերահաստատելու անհրաժեշտություն է զգացվում` հակամարտության խաղաղ կարգավորման լուծում գտնելու համար»:
Ըստ նրա, լարվածության մակարդակը տարածաշրջանում բարձր է, և ԵԱՀԿ ՄԽ-ն զգուշացնում է կողմերին նոր սրացմանը միտված քայլերից ձեռնպահ մնալու անհրաժեշտության մասին:
«Համանախագահները կայցելեն տարածաշրջան ամսվա վերջում, հանդիպելու համար նախագահներին ու նախապատրաստելու հաջորդ գագաթնաժողովը: Մենք ակնկալում ենք, որ նրանց հանդիպումը կարող է նպաստել բանակցային գործընթացի առաջխաղացմանը և իր ավանդը կունենա անվտանգության ոլորտում իրավիճակի կայունացման մեջ»,-ասել է նա: