Ադրբեջանը չունի այնքան ռեսուրսներ, որ կարողանա բավարարել Վրաստանի գազի պահանջարկն, ուստի Վրաստանին գազի լրացուցիչ ծավալ է հարկավոր Ռուսաստանից: Նման հայտարարություն է արել Վրաստանի փոխվարչապետ և էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն` անդրադառնալով ռուսական գազի գնման անհրաժեշտությանը, հայտնում է apsny.ge-ն:
«Ինչո՞ւ չկան լրացուցիչ ծավալներ: Այդ հարցը պետք է Ադրբեջանին տալ: Ուստի ես հարցնում եմ ձեզ, ինչո՞ւ է Ադրբեջանը պայմանագիր ձևակերպում «Գազպրոմի» հետ, եթե ունի այդ ծավալներն իր ներքին շուկայի համար: Չեմ կարող ասել, թե ինչ գին կլինի: Եթե այն ընդունելի լինի, մենք, հավանաբար, կիրագործենք նախագիծը»,-ասել է Կալաձեն:
«Մի կողմ թողնենք այն անառողջ էյֆորիան, որը վերջին շրջանում զգացվում է քաղաքական գործիչների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մոտ «Գազպրոմի» հետ աշխատանքային հանդիպման պատճառով: Ըստ Կալաձեի, «Գազպրոմի» հետ գործող պայմանագիրը ստորագրվել է 2003-ին, մինչ օրս 21 հավելում է արվել ժամկետի երկարացման և տարբեր տեխնիկական հարցերի կարգավորման վերաբերյալ: Ըստ նրա, վերոնշյալ ընկերության հետ արդեն մի քանի տարի է, ինչ և շփումներ կան, և պայմանագիր է գործում:
Նա նշել է, որ ըստ պայմանագրի, մի քանի տարի շարունակ ամենամյա հանդիպումներ են եղել, նաև Սահակաշվիլիի օրոք և մինչ այդ:
«Գազից բացի, որ ստացել ենք տարանցման դիմաց, նույնիսկ պատերազմից հետո լրացուցիչ ծավալներ ենք ստացել ՌԴ-ից: Սակայն, չգիտես ինչու այդ փաստերը մոռանում են և ոչ ոք չի խոսում դրա մասին: Քաղաքական բարոյականության ինչ-որ սահման կա, որը չի կարող անցնել նույնիսկ ամենասնանկ քաղաքական գործիչը կամ քաղաքական կուսակցությունը: Հասկանալի է, որ ընտրական տարի է գալիս և սնանկ քաղաքական գործիչներն ու կուսակցությունները կաշխատեն ինչ-որ կերպ հիշեցնել իրենց մասին»,-հայտարարել է Կալաձեն:
2015-ի հունվար-սեպտեմբերին Վրաստանն Ադրբեջանից ներկրել է մոտ 968 հազար տոննա գազ` մոտ $ 202 մլն, ինչը 25 միլիոնով ավելի է, քան նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Ադրբեջանը գազի հիմնական առաքիչն է այդ երկիր, բացի այդ Վրաստանը գազ է ստանում Ռուսաստանից որպես վճար դեպի Հայաստան գազի տարանցման համար` Մոզդոկ-Թբիլիսի-Հայաստան գազատարով: Ռուսաստանից գազի առաքումների վերսկսման հնարավորությունը սկանդալի պատճառ դարձավ Վրաստանում`նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կողմնակիցները մեղադրում են Վրաստանի իշխանություններին երկրի արևմտամետ քաղաքական կուրսը փոխելու մտադրության մեջ: