23 հոկտեմբերի 2015 - 20:02 AMT
Թուրք պատմաբանը կներկայացնի քուրդ սպայի՝ Ցեղասպանության տարիներին հայերին փրկելու մասին գիրքը

ԱՄՆ Քլարքի համալսարանի ազգությամբ թուրք պատմաբան Ումիթ Քուրթը Ֆրեզնոյի համալսարանում նոյեմբերի 6-ին կներկայացնի «Քրդական Շինդլեր. Մի փրկչի պատմություն» գիրքը: Ինչպես հաղորդում է Massis Post-ը, դասախոսությունը 2015-ի հայագիտական աշնանային ծրագրի դասախոսությունների շարքի մասն է կազմում:

Ըստ գրքի բովանդակության, Ջեմիլ Կունեն Օսմանյան բանակի լեյտենանտ էր և 1915-ին նշանակված էր Բիրեջիքի նավաշինական գործարանի տնօրեն՝ Օսմանյան հինգերորդ բանակի վերահսկողության ներքո, որի հրամանատարը Ջեմալ փաշան էր: Նավաշինական գործարանում լաստանավեր էին կառուցվում, որոնք օգտագործվում էին օսմանյան զինվորների կողմից Եփրատն անցնելու համար:

Պատմականորեն Կունեին առանցքային դարձնող փաստը նրա՝ հայերին փրկելու անդադար ջանքերն են: 1915-1917 թվականներին նա հատկապես փորձում է օգնել Այնթափի բողոքական հայերին, որպեսզի կանխի դեպի Դեյր Զոր նրանց բռնագաղթը: Բռնագաղթի ժամանակ Կունեն ամուսնանում է հայր Կարապետ Գյուլեուզյանի դստեր՝ Տիգրանուհու հետ, և փրկում է նրա կյանքը` նրա տեղահանությունը դեպի Դեյր Զոր թույլ չտալով: Ումիթ Քուրթը դասախոսության ընթացքում կմանրամասնի Ջեմիլ Կունեի՝ Ցեղասպանության ժամանակ հայերին փրկելու ջանքերը, ինչպես նաև Ցեղասպանությունից հետո նրա և կնոջ` Տիգրանուհու կյանքի պատմությունը:

Ումիթ Քուրթը գիտությունների թեկնածու (PhD) է Քլարքի համալսարանի պատմության ֆակուլտետի Հոլոքոստի և ցեղասպանագիտություն բաժնում և այժմ աշխատում է իր գիտական թեզի վրա: Նա հետազոտական հետաքրքրություններն ընդգրկում են Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում հայերի ունեցվածքի բռնագրավման, Հայոց ցեղասպանության, ժամանակակից թուրքական ազգայնականության ձևավորման և Այնթափի հայերի բռնագաղթի ու կոտորածի խնդիրները: Նա հեղինակել է «Մեծ, անհույս թուրքական ցեղը. 1911-1916թթ. թուրքական ազգայնականության հիմադրույթները թուրքական հայրենիքում» և խմբագրել «Ապստամբություն և ոչնչացում. պետության ձևավորումը Օսմանյան կայսրությունից մինչև Թուրքիայի Հանրապետություն և զանգվածային բռնություն» աշխատությունները: Քուրթը պատմություն է դասավանդում Ստամբուլի Սաբանջիի համալսարանում և Թաներ Աքչամի հետ միասին հեղինակել է «Օրենքների ոգին. հայերի ունեցվածքի կողոպուտը Հայոց ցեղասպանության ժամանակ» աշխատությունը: