24 հոկտեմբերի 2015 - 10:25 AMT
ԼՂՀ ՊՆ. Հրադադարի խախտումներն աճել են, այդ թվում հրետանային զինատեսակներից

Հոկտեմբերի 23-ին և լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ, որոնց ընթացքում կիրառվել են հրետանային զինատեսակներ, այդ թվում՝ TR-107 հրթիռահրետանային կայանք (3 արկ), 60 (39 արկ) և 82 (68 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՌՊԳ-7 (2 արկ) և ՀԱՆ-17 (17արկ) տիպի նռնականետեր: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ:

Ընդհանուր առմամբ, վերոնշված ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 90 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է մոտ 2000 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կանխարգելիչ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշվել են, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերի 21-ին և լույս 22-ի գիշերը հրադադարի պահպանման ռեժիմի խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է նաև 60 միլիմետրանոց ականանետից՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ:

Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հրադադարի ռեժիմը խախտվել է հիմնականում հրաձգային զինատեսակներից` մոտ 70 անգամ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է մոտ 1000 կրակոց:

Հոկտեմբերի 19-ին և 20-ին շփման գծում նկատվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների նվազում, սակայն ադրբեջանական զինուժի առաջապահ ստորաբաժանումները շարունակել են կիրառել խոշոր տրամաչափի զինատեսակներ, այդ թվում՝ TR-107 հրթիռահրետանային կայանք (7 արկ), 82 մմ-ոց ականանետ (2 արկ), ՀԱՆ-17 (3 արկ) ու ՌՊԳ-7 (3 արկ) տիպի նռնականետեր: