24 հոկտեմբերի 2015 - 13:56 AMT
Վենետիկի հանձնաժողովը հաստատել է ՀՀ Սահմանադրության նախագծի մասին եզրակացությունը

Հոկտեմբերի 23-ին Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նիստում հաստատվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի 1-7 և 10 գլուխների վերաբերյալ նախնական եզրակացությունը, 8, 9 և 11-16 գլուխների վերաբերյալ երկրորդ նախնական եզրակացությունը, որոնք պատրաստվել էին հանձնաժողովի անդամներ Ս. Բարտոլեի, Ա. Էնդինշի, Ք. Գրաբենվարտերի, Տ. Խաբրիևայի, Ե. Տանչևի և Կ. Տուորիի նկատառումների հիման վրա:

Նիստին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Անդրադառնալով ՀՀ սահմանադրական բարեփոխումներին՝ Վենետիկի հանձնաժողովի անդամներ Խաբրիևան, Տանչևը, Բարտոլեն և Էնդինչը բարձր են գնահատել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը՝ բնութագրելով այն ժողովրդավարության միջազգային չափանիշներին համապատասխանող փաստաթուղթ: Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում, որին մասնակցել են 60 երկրի ներկայացուցիչներ, միաձայն հաստատվել են փորձագետների խմբի կողմից ներկայացրած եզրակացությունները:

Վենետիկի հանձնաժողովը սեպտեմբերի 11-ին հրապարակել է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ երկրորդ միջանկյալ կարծիքը: 16 էջից բաղկացած փաստաթղթում Հանձնաժողովի փորձագետները շարադրել են իրենց փորձաքննության արդյունքները սահմանադրական փոփոխությունների նախագծի 8, 9, 11 և 16-րդ գլուխների վերաբերյալ: «Հայաստանի սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքը բարձրորակ է և աջակցության ու ողջույնի է արժանի: Վենետիկի հանձնաժողովի հետ անկեղծ երկխոսության ու բեղմնավոր փոխանակման մթնոլորտը նախկինի պես շարունակվել է և հնարավորություն է ընձեռել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին՝ մշակել մի տեքստ, որն այժմ համապատասխանում է միջազգային չափորոշիչներին», - նշվում է Հանձնաժողովի հրապարակված փաստաթղթում:

Հուլիսի 31-ին Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է իր նախնական դիտարկումներըՀայաստանում սահմանադրության փոփոխություններինախագծի վերաբերյալ: Հանձնաժողովն իր 29 էջանոց նախնական գնահատականում առաջարկում է հանել քվեարկելու և Ազգային ժողովի թեկնածու լինելու մասին սահմանափակումները: Բացի այդ, առաջարկվում է չեղարկել ամենաշատ ձայները ստացած կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների միջև ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու մասին դրույթը: Խոսքը Սահմանադրության նախագծի 89/4 հոդվածի մասին է:

Սահմանադրական հանրաքվեն ՀՀ-ում կանցնի դեկտեմբերի 6-ին: Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում նախագահականից խորհրդարանական կառավարման: