26 հոկտեմբերի 2015 - 10:19 AMT
Հոկտեմբերի 24-ին և 25-ին հրադադարը խախտվել է մոտ 120 անգամ

Հանգստյան օրերին` հոկտեմբերի 24-ին և 25-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտվել է մոտ 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (11 արկ) և 82 (5 արկ) միլիմետրանոց ականանետերից ու ՌՊԳ-7 (2 արկ) տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հոկտեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 600 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետերից ու ՌԳՊ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10.000 կրակոց:

Վերոնշված ժամանակահատվածում հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք: