26 հոկտեմբերի 2015 - 15:20 AMT
ԶԼՄ-ներ. ԵՀ-ն որոշել է դեռ չհրապարակել Թուրքիային քննադատող զեկույցը

Եվրահանձնաժողովը (ԵՀ) թաքցնում է Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը քննադատող զեկույցը, որը պատրաստվել էր Եվրամիությանն այդ երկրի անդամակցության շուրջ բանակցությունների համար: Թուրքիայում իշխող Արդարության և զարգացման կուսակցության գործունեությունը խստորեն քննադատող փաստաթղթի հրապարակումը նախորդ շաբաթ կրկին հետաձգվեց, հայտնում է DW-ն Welt am Sonntag շաբաթաթերթի վրա հղումով: Դա նշանակում է, որ այժմ զեկույցը կհրապարակվի հավանաբար Թուրքիայում նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրոթյյուններից հետո, չխանգարելու համար ԱԶԿ նախընտրական պայքարին:

Ինչպես նշում է պարբերականը, զեկույցի հեղինակներն արձանագրում են, որ Թուրքիայում մեծ նահանջ է դիտվում խոսքի և հավաքների ազատության ոլորտում, իսկ քաղաքական ակտիվիստներն ու լրագրողներն ահաբեկվում են և նրանց իրավունքները սահմանափակվում են «ուժի անհամաչափ կիրառման» պատճառով: Փաստաթղթում նաև ասվում է, որ Թուրքիայում բավարար կերպով չեն պաշտպանված սեռական փոքրամասնությունների իրավունքները: Զեկույցի հեղինակները կոչ են անում Թուրքիային վերադառնալ խաղաղ բանակցային գործընթացին քրդերի հետ և վճռական քայլեր ձեռնարկել երկրի տարածքում իսլամիստ ահաբեկիչների դեմ պայքարում: Քննադատներն արդեն վաղուց մեղադրում են Անկարային, որ վերջինս բավարար ակտիվությամբ չի պայքարում ԻՊ դեմ:

AFP գործակալությունը նշում է, որ Եվրամիությունն այժմ բանակցում է Թուրքիայի ղեկավարության հետ փախստականների հարցում առավել սերտ համագործակցության ակնկալիքով: ԵՄ երկրները Թուրքիայի կարիքն ունեն` կասեցնելու համար ապօրինի փախստականների հոսքը Եվրոպա, սակայն Թուրքիայի նախագահ Էրդողանը փոխարենը զիջումներ է պահանջում ԵՄ-ից այլ հարցերում, հայտնում է Armenia Today-ը:

Ավելի վաղ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը, որն այցով գտնվում է Ստամբուլում, խոստացել էր, որ Գերմանիան կարագացնի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը: Համապատասխան հայտարարությունն արվել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում: «Մենք ցանկանում ենք ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացն ավելի դինամիկ դարձնել և բանակցություններ սկսել` բացելով 17-րդ կետը տնտեսության և դրամային քաղաքականության մասին»,-ասել է նա: Մյուս կետերն, ըստ Մերկելի, ավելի ուշ կքննարկվեն:

Դավութօղլուն հայտարարեց, որ Անկարան հուսով է, որ մինչև 2016-ի հուլիսը ԵՄ երկրների հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ կսահմանվի Թուրքիայի համար:

Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել դեռ 1987-ին, իսկ 1999 թ. ստացել է թեկնածու երկրի կարգավիճակ, բանակցությունները սկսվել են 2005-ին: Սակայն 35 անհրաժեշտ պայմաններից Թուրքիան մինչ օրս բավարարել է միայն 14-ին, ընդ որում ամենամեծ առարկություններն առաջացնում է տարածքային վեճը Կիպրոսի հետ ու ժողովրդավարացման խնդիրները երկրի ներսում: 17 գլուխ դեռ փակ է մնում:

Բանակցությունները բազմիցս են բարդացել տարաձայնությունների պատճառով և կասեցվել: Գլխավոր խոչընդոտը Թուրքիայի դիրքորոշումն է Կիպրոսի հարցում: Կարևոր փուլ եղավ 2013-ի դեկտեմբերին ռեադմիսիայի մասին պայմանագրի կնքումը Թուրքիայի հետ: 2014-ի հոկտեմբերի 16-ին Եվրահանձնաժողովը հրապարակեց նոր ամենամյա զեկույցը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի մասին՝ առաջարկելով վերսկսել բանակցություններն ու շտապեցնել Թուրքիային ժողովրդավարացման հարցում: