26 հոկտեմբերի 2015 - 16:15 AMT
Բաքուն կրկին հայտարարել է՝ ԵՏՄ-ին անդամակցությունը հնարավոր է

Ադրբեջանը հնարավոր է համարում անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ), սակայն նախապես պետք է վերլուծել անդամակցության բոլոր առավելություններն ու թերությունները: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության փոխնախարար Սևինջ Հասանովան:

«Մենք հնարավոր ենք համարում մասնակցությունն այն միություններին, որոնք շահավետ են Ադրբեջանի համար: Դրա համար պետք է վերլուծել նման կազմակերպություններին անդամակցելու բոլոր առավելություններն ու թերությունները, հարկավոր է հանգամանալից քննել մասնակցության նպատակահարմարությունը»,-հայտարարել է փոխնախարարը լրագրողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ նման հայտարարություն էր արել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում ընթացող ՄԱԿ ԳՎ հոբելյանական նստաշրջանի ընթացքում: «Ադրբեջանը չի բացառում ԵՏՄ-ին անդամակցելու հնարավորությունը»,-ասել էր նա:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր հերթին հայտնել էր, որ Ադրբեջանը, Իրանը, Հնդկաստանը և Մոնղոլիան քննարկում են ԵՏՄ հետ համագործակցության հնարավորությունը, իսկ Թուրքիան ցանկություն է հայտնել առևտրային համաձայնագիր կնքել միության հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքել է 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Միությանն անդամակցում են նաև ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ մոտ 40 երկիր ու միավորում շահագրգռված է ԵՏՄ հետ ազատ առևտրի գոտիներ ստեղծելու հարցում: Ավելի ուշ, Ղազախստանի փոխնախարար Թիմուր Ժակսիլիկովը հայտարարեց, որ բանակցություններ են ընթանում Նոր Զելանդիայի, Լատինական Ամերիկայի երկրների հետ:

Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն տեղեկացրեց, որ «Հայաստանը, որպես ԵՏՄ լիիրավ անդամ, մասնակցում է միության բոլոր գործընթացներին», մեկնաբանելով հայկական կողմի մասնակցությունը ԵՏՄ-ում նոր անդամ ներգրավելու բանակցություններին: