26 հոկտեմբերի 2015 - 17:22 AMT
Վանի ու Վասպուրականի հայերի նյութական մշակույթի հավաքածուն՝ մեկ պատկերագրքում [ֆոտոռեպորտաժ]

Երևանում օրերս բացված Yerevan Show 2015 ոսկերչական ցուցահանդեսում այլ նմուշների կողքին ներկայացված է նաև ռուս հայտնի ազգագրագետ Ալեքսանդր Միլերի՝ 1916-ին Վասպուրականից բերված հավաքածուից երկու նմուշ՝ գոտի և գլխազարդ: Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ցուցահանդեսի անցկացման վայրում կայացել է նաև«Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը» խորագրով պատկերագրքի հայաստանյան շնորհանդեսը: Դրանում, ներկայացված է Միլերի հավաքագրած՝ Վանի և Վասպուրականի հայերի նյութական մշակույթի հավաքածուն, որը Ռուսաստանի ազգագրության թանգարանում կայացած «Հայկական ավանդական մշակույթի աշխարհը» խորագրով ցուցադրության մի մասն է: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքով, փորձելու են նաև ռուսական թանգարանում գտնվող Վասպուրականից բերված ամբողջական հավաքածուի ցուցահանդես կազմակերպել, գրում է Panorama.am-ը:

Ռուսաստանի ազգագրության թանգարանի տնօրեն Վլադիմիր Գրուսմանի խոսքով, կատալոգի էջերում ներառված ցուցանմուշները պատմում են հայ մշակույթի եզակի ցուցանմուշների մասին, որոնք 1916-ին տարվել են Պետերբուրգի ազգագրության թանգարան և այս տարիներին պահվել այնտեղ: