26 հոկտեմբերի 2015 - 17:58 AMT
Gallup. Ամենաանվտանգ երկրների ցանկում ՀՀ-ն 9-րդն է

Ըստ Gallup Միջազգային հետազոտական կենտրոնի տվյալների, Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում 9-րդն է, գրում է The Independent-ը:

Հարցման մասնակիցները պետք է պատասխանեին հետևյալ հարցին. «Ձեզ անվտա՞նգ եք զգում, գիշերը զբոսնելիս քաղաքում կամ այն բնակավայրում, որտեղ ապրում եք»: Ըստ պատասխանների, առանձնացվել են գիշերային զբոսանքների համար ամենաանվտանգ և ամենավտանգավոր երկրները: Հայաստանին վերաբերող մասով այս հարցին դրական պատասխան է տվել հարցման մասնակիցների 82%-ը:

Ամենաանվտանգ երկրների եռյակում են Սինգապուրը, Հոնկոնգը և Նորվեգիան: Հայաստանից առաջ են անցել Իսպանիան, Ռուանդան, Ինդոնեզիան, Սլովենիան և Տաջիկստանը: Տասնյակը եզրափակում է Ավստրիան: Ամենավտանգավորն են Վենեսուելան, Գաբոնն ու Կոնգոն:

Հարցմանը մասնակցել է 142.000 մարդ 141 երկրից:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը նաև ընդգրկվել է մերձավոր արտասահմանի ռուսաստանցիների համար ամենանախընտրելի երկրների ցանկում: Ցանկը կազմվել է հյուրանոցների համարների ամրագրման 2015 թ. տվյալների հիման վրա: