27 հոկտեմբերի 2015 - 14:27 AMT
Վեսթմինսթերյան աբբայությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ կմատուցվի

Հոկտեմբերի 28-ին Լոնդոնի Վեսթմինսթերյան աբբայությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ կմատուցվի: Ինչպես հայտնել է Հայաստանի Հանրային ռադիոն, Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսի հետ արարողությունը կհանդիսապետի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Պատարագին ներկա կլինի նաև Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիա՝ մասնակցելու Վեսթմինսթրյան աբբայությունում կայանալիք 1915թ. Հայոց ցեղասպանության նոր սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման արարողությանը:

Պատարագի նախապատրաստական աշխատանքները ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերին քննարկել էր Մեծ Բրիտանիայի մշակույթի, սպորտի և ԶԼՄ-ների նախարար Ջոն Ուիթինգդեյլի հետ հանդիպմանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մի շարք կարևոր կրոնական միջոցառումներ են տեղի ունեցել: Մասնավորապես, ապրիլի 12-ին Հռոմի Սբ Պետրոսի տաճարում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատարագ մատուցեց ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի` հայերի կոտորածն անվանելով «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Նա հայտարարեց, որ XX դարում մարդկությունը վերապրել է երեք «մեծ չլսված ողբերգություն»` Հայոց ցեղասպանությունը, նացիզմն ու ստալինիզմը։ «Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի», - ասել է Հռոմի պապը:

Գագաթնակետը եղավ Հայոց ցեղասպանության 1,5 մլն անմեղ զոհերի սրբադասումը Հայ Առաքելական եկեղեցու կողմից, այդ արարողությանը մասնակցեցին 38 եկեղեցու, եկեղեցական և էկումենիկ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ապրիլի 24-ին աշխարհի հարյուրավոր եկեղեցիների զանգերը ղողանջեցին 100 անգամ` ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: