27 հոկտեմբերի 2015 - 15:06 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Աժ-ում ահաբեկչությունից 16 տարի է անցել

Արդեն 16 տարի է անցել այն օրվանից, երբ 1999-ի հոկտեմբերի 27-ին կրակոցներ հնչեցին Հայաստանի Ազգային ժողովում: ԱԺ նիստերի դահլիճ ներխուժած ահաբեկիչների խումբը գնդակահարեց այստեղ գտնվող Ազգային ժողովի և կառավարության ղեկավարներին և անդամներին: Ահաբեկչության զոհ դարձան վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավոր Արմեն Արմենակյանը եւ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, պատգամավոր Միքայել Քոթանյանը:

Հանցագործներն էին` նախկին լրագրող Նաիրի Հունանյանը, որը որոշ ժամանակ աշխատել էր Հայաստանի հեռուստատեսությունում, նրա եղբայրը` Կարեն Հունանյանը, և նրանց քեռին` Արամ Հունանյանը, ինչպես նաև` իր հայացքները կիսող ընկերները` Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը, Էդիկ Գրիգորյանը, Համլետ Ստեփանյանը:

Դատավարությունը սկսվեց 2001 թվականի փետրվարի 15-ին և ավարտվեց 2003-ին: Ոչ նախաքննությունը, ոչ դատարանը չկարողացավ վերջնական պատասխան տալ այն հարցին, թե արդյոք ահաբեկիչները ինքնուրույն էին գործել, թե նրանց հետևում ինչ-որ մեկն, այնուամենայնիվ, կանգնած էր: Հանցագործության հնարավոր պատվիրատուների գծով հարուցված առանձին քրեական գործը, կարծես թե, փակուղի էր մտել: Ժամանակին, նախկին կառավարության պնդմամբ, հետաքննական մարմիններն ակտիվորեն շրջանառում էին այն տարբերակը, թե խորհրդարանի դեպքերին անմասն չի երկրի բարձրագույն ղեկավարությունը:

Սակայն, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հակառակորդներին չհաջողվեց նման եզրակացությունները հիմնավորել, չնայած ողբերգությունից հետո հենց ընդդիմությունն էր ղեկավարում նախարարների կաբինետը և լիովին վերահսկում դատախազությունը: (Սպանված վարչապետին փոխարինեց նրա կրտսեր եղբայր Արամ Սարգսյանը):

Ահաբեկչության իրականացման համար ամենահարմար օր էր ընտրվել չորեքշաբթին, երբ նախարարները գտնվում են Ազգային ժողովում` պատասխանելու օրենսդիրների հարցերին: Խորհրդարանի շենք ավտոմատներով մուտք գործել նրանց հաջողվել էր առանց դժվարությունների: Մշակված պլանը ձախողվել էր միայն սպանության իրականացումից հետո: Հունանյանը ստիպված էր համակերպվել, որ «հեղափոխությանն աջակցելու» հայրենակիցներին ուղղված իր կոչն անպատասխան մնաց: Նրա սպասումներին հակառակ, ժողովուրդը հավանության չարժանացրեց հեղաշրջման փորձը:

Ահաբեկիչների դատավճիռը հրապարակվեց 2003-ի դեկտեմբերի 2-ին: Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկչի հանդեպ կայացրեց վճիռ, որով 6-ը՝ ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման դատապարտվեց: Նաիրի և Կարեն Հունայանները, Էդիկ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանն ու Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ բանտարկության: Վռամ Գալստյանը 2004-ին մահացավ ԱԱԾ մեկուսարանում։ Նա ինքնասպան էր եղել՝ սավանով կախվելու միջոցով: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: 2010-ի մայիսին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր անկողնում հայտնաբերվեց Ստեփանյանի դին: Բոլորը մեղավոր ճանաչվեցին հայրենիքի դավաճանության և ահաբեկչության մեջ: ՀՀ Վճռաբեկ դատարանն անփոփոխ թողեց դատավճիռը:

ՖՈՏՈՇԱՐՔ