28 հոկտեմբերի 2015 - 14:58 AMT
Թբիլիսիի Սբ Գևորգ եկեղեցին կվերաբացվի

Հոկտեմբերի 31-ին կկայանա Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի Սբ Գևորգ առաջնորդանիստ տաճարի վերաօծման և վերաբացման արարողությունը՝ Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, վերանորոգման ծրագիրը ֆինանսավորողների մասնակցությամբ:

13-րդ դարի բացառիկ տաճարի վերանորոգման նախագիծը մեկնարկել է 2012-ին, այն «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կարևորագույն ծրագրերից մեկն է, որը ստացել է Հայաստանի և Վրաստանի իշխանությունների աջակցությունը, Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը, գրում է Aravot.am-ը:

Եկեղեցու վերականգնման նախաձեռնությունը պատկանում է IdeA-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին, տաճարը վերականգնվել է բարերարների նվիրատվություններով, հիմնական դոնորներն են՝ Ալբերտ Ավդոլյանը, Սերգեյ Սարկիսովն ու Ռուսուդան Մախաշվիլին, Դանիել Խաչատուրովը, ինչպես նաև Վարդանյանների ընտանիքը:

Սբ Գևորգը Թբիլիսիի հնագույն եկեղեցիներից է, ժամանակին եղել է հայկական միջնադարյան հոգևոր, մշակութային և լուսավորչական կենտրոններից մեկը: 14-15 դարերում եկեղեցու գրատանը բազմաթիվ ձեռագրեր են ստեղծվել, որոնք ներկայումս պահվում են Մատենադարանում: