Հոկտեմբերի 27-ին Հայաստանի ու Լիտվայի ներկայացուցիչներըԵրևանում ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության և Լիտվայի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր պետական հարկային տեսչության միջև հարկային հարցերում փոխադարձ վարչական օգնության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ» արձանագրություն:
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը և Լիտվայի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր պետական հարկային տեսչության պետ Դաինորաս Բրադաուսկսդ: Դրանով կանոնակարգվում են երկու երկրի իրավասու մարմինների միջև հարկային տեղեկատվության փոխանակման հետ կապված հարցեր՝ հաշվի առնելով միջազգային գործակցության և փոխադարձ օգնության կարևորությունը, ինչպես նաև տեղեկությունների ավտոմատ փոխանակումը հարկային կարգապահության մոտեցումներին համապատասխան իրականացնելու անհրաժեշտությունը:
Լիտվայի ֆինանսների նախարարությանն առընթեր պետական հարկային տեսչության պետն, ընդգծելով Հայաստանի հետ հարկային գործակցության շարունակական զարգացումը, կարևորել է տեղեկատվության ավտոմատ փոխանակման համակարգի ներդրումը:
«Կարծում եմ, որ այս համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի Լիտվայի և Հայաստանի միջև հարկային տեղեկատվության փոխանակման ոլորտում», - ասել է նա:
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հարցում կարևորել է հուսալի իրավապայմանագրային դաշտի առկայությունը. «Հուսով եմ, որ ստորագրված փաստաթուղթը կնպաստի հարկային ոլորտում հայ-լիտվական կապերի հետագա խորացմանը»:
ՀՀ ՖՆ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և զարգացման վարչության պետ Միքայել Փաշայանն անդրադարձել է տեղեկատվության ավտոմատ փոխանակման համակարգի ներդրման ուղղությամբ Ֆինանսների նախարարության կատարած աշխատանքին:
«Սա առաջին քայլն է Եվրամիության զարգացած երկրների էլեկտրոնային կառավարման համակարգերին ինտեգրվելու ուղղությամբ: Կարծում եմ, փաստաթուղթը կխթանի այդ ոլորտում համագործակցության հետագա ընդլայնմանը», - ասել է նա:
2005-ի սեպտեմբերի 16-ին Վիլնյուս քաղաքում ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության և Լիտվայի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր պետական հարկային տեսչության միջև հարկային հարցերում փոխադարձ վարչական օգնության մասին» համաձայնագիրը:
Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1991-ի նոյեմբերի 21-ին: