Հայտնի ռուս գրող Անդրեյ Բիտովը դարձել է «Յասնայա պոլյանա» գրական մրցույթի հաղթողը «Ժամանակակից դասականներ» անվանակարգում «Հայաստանի դասերը» գրքի համար, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Հայաստանի դասերը» գիրքը գրվել է ավելի քան 40 տարի առաջ: Այն ժամանակ Բիտովը ԽՍՀՄ գրողներից առաջինն էր, որ բացահայտ խոսեց Հայոց ցեղասպանության մասին և դատապարտեց այն:
«Յասնայա պոլյանան» ամենամյա գրական մրցանակաբաշխություն է, այն հիմնվել է 2003 թ. Լև Տոլստոյի տուն-թանգարանի և Samsung Electronics ընկերության կողմից և ամենահեղինակավորներից է Ռուսաստանում: Մրցույթը կոչված է պահպանելու ռուս դասական գրականության ավանդույթները և ժամանակակից գրականության արդիական միտումները:
«Ժամանակակից դասականներ» անվանակարգում մեծ ու փոքր ցուցակներ չեն կազմվում, ժյուրիի անդամները միանգամից ընտրում են դափնեկրին:
Մրցանակաբաշխությունը կայացել է հոկտեմբերի 28-ին: Մրցանակները հանձնել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին: «Ժամանակակից դասականներ» անվանակարգում Բիտովը նաև դրամական պարգև է ստացել` 1,5 մլն ռուբլի:
Բիտովը ՀՀ պատվավոր քաղաքացի է, ԵՊՀ պատվավոր դոկտոր:
Ռուս ականավոր գրող, ռուս գրականության մեջ պոստմոդեռնիստական ուղղության հիմնադիրներից մեկը` նդրեյ Բիտովը ծնվել է 1937 թվականին Լենինգրադում: Բլոկադայի ժամանակ տարհանվել է Ուրալ, հետո` Տաշքենդ: 1973-1974-ին սովորել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում, գրել և պաշտպանության է ներկայացրել թեզ «գրականության տեսություն» մասնագիտությամբ, սակայն այն, ի վերջո, չի պաշտպանել։1965-ից ԽՍՀՄ Գրողների միության անդամ է։ 1960-ից մինչև 1978-ը լույս են տեսել Բիտովի շուրջ տաս գիրք։
1978-ին ԱՄՆ-ում լույս տեսավ Բիտովի «Պուշկինի տուն» վեպը, իսկ 1979-ին մասնակցեց խորհրդային գրաքննությունը մերժող «Մետրոպոլ» գրական ալմանախի ստեղծմանը։ Արդյունքում՝ զրկվեց ԽՍՀՄ-ում տպագրվելու և գրական աշխատանքով ապրուստը վաստակելու հնարավորությունից։
«Վերակառուցման» քաղաքականության հռչակմամբ՝ 1986-ին վերադարձավ ԽՍՀՄ գրական կյանք, նաև ստացավ արտասահմանյան ճամփորդություններ կատարելու հնարավորություն։ Այդ տարիներին աշխույժ մասնակցություն է ունեցել հասարակական կյանքին։ 1988-ին մասնակցել է Ռուսաստանի ՊԵՆ ակումբի ստեղծմանը։