29 հոկտեմբերի 2015 - 12:12 AMT
Իտալական Ռավենան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Հոկտեմբերի 22-ին Իտալիայի Ռավենա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարությունը:

Ռավենայի Քաղաքային խորհուրդի կողմից միաձայն ընդունված բանաձևում նշվում է, որ հաշվի առնելով Իտալիայում հայերի միության դիմումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հայերի ողբերգությունը որպես ցեղասպանություն ճանաչվել է ՄԱԿ մարդու իրավունքների ենթահանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանի, Իտալիայի պատգամավորների պալատի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից (հիշատակելով 2015-ի ապրիլի 12-ին Սբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ պատարագի մատուցման ժամանակ նրա ունեցած ելույթը), Ռավեննայի քաղաքային խորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և իր համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ:

2015-ի հոկտեմբերի 13-ին հայտնի է դարձել, որ Իտալիայի Մարկեի նահանգային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Բանաձևը զորակցություն է հայտնում հայ ժողովրդին Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:

Իտալիայի Պիեմոնտե նահանգի Իվրեայի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2015-ի հոկտեմբերի 12-ին կայացած նիստում:

2012-ի ապրիլի 17-ին Իտալիայի Սկաֆատի քաղաքի խորհուրդը (ջունտան) միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշում՝ «հարգանքի տուրք մատուցելով 1.5 միլիոն հայ նահատակների հիշատակին և զորակցություն հայտնելով հայ ժողովրդին»:

2012-ին Իտալական Ռիետի քաղաքի (Ռիետի նահանգ, Լացիո շրջան) քաղաքային խորհուրդը, որտեղ մոտ 48 հազար մարդ է բնակվում, ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:

2012-ինԻտալիայի հարավում գտնվող Բարի քաղաքի իշխանությունները ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:

Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 24 երկիր, ինչպես նաև ԱՄՆ նահանգների մեծ մասը: