16 նոյեմբերի 2006 - 15:00 AMT
Բեռլինում տեղի է ունեցել Հայաստանի դեսպանատան նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Բունդեսթագի խոսնակ Նորբերտ Լամերտը նոյեմբերի 15-ին մասնակցել են Բեռլինում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը: Արարողությանը մասնակցել են նաեւ Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, Գերմանիայի քաղաքական եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամեր: Իր ելույթում Վարդան Օսկանյանը խորհրդանշական է անվանել այն փաստը, որ Հայաստանի դեսպանության նոր շենքը բացվել է Եվրոպական Հարեւանության Քաղաքականության շրջանակներում Հայաստանի Գործողությունների ծրագրի ստորագրումից մի քանի օր անց: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատանքային այցը Գերմանիա այսօր կշարունակվի: Օրվա երկրորդ կեսին Ռոբերտ Քոչարյանը հանդիպում կունենա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ եւ ելույթ կունենա Բերտելսմանի հիմնադրամում «Անկախության 15 տարի` Հայաստանի ճանապարհը դեպի ժողովրդավարություն» զեկուզումով, հաղորդում է «Մեդիամաքսը»: