16 նոյեմբերի 2006 - 15:30 AMT
ANCA-ն իրավաբանական իրավունք ունի թեկնածուներ առաջադրել ԱՄՆ Կոնգրեսի համար
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ այն փոքրաթիվ հասարակական կազմակերպություններից է, որ իրավաբանական իրավունք ունի աջակցել եւ նույնիսկ թեկնածություններ առաջադրել իշխանության օրենսդիր մարմիններում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայ Դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի վերջին ընտրություններում հայ համայնքը սատարում էր ԱՄՆ օրենսդիր մարմինների շուրջ 50 թեկնածուների, ինչպես Ներկայացուցիչների պալատի, այնպես էլ նահանգների մակարդակով: «Հայերը սատարում էին ոչ միայն դեմոկրատներին, այլ նաեւ հանրապետականներին: Տոկոսային հարաբերությամբ «մեր» թեկնածուների 1/3 կազմում էին հանրապետականները, իսկ 2/3` դեմկրատները: Իսկ Կալիֆորնիայում մենք սատարում էինք նահանգապետի պաշտոնի երկու թեկնածուներին, քանի որ Առնոլդ Շվարցենեգերը եւ նրա հակառակորդը մեծ հարգանք են վայելում հայ համայնքի շրջանում: Ընտրություններից առաջ ԱՀԴՀ-ն գրեթե բոլոր թեկնածուների շրջանում տարածել է հայկական խնդիրներին նվիրված ժողովածու, որտեղ հիմնական տեղը գրավում են Հայոց ցեղասպանության ճանաչման, Լեռնային Ղարաբաղին հատկացվելիք օգնության, հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության , Հայաստանին եւ Ադրբեջանին ռազմական օգնության հավասարության, Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարության հարցերը»,-նշել է Մանոյանը:

«Հայ դատի» գրասենյակի ղեկավարը նշեց նաեւ, որ հայ համայնքը հիանալի հասկանում է, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը ավելի շատ ուղղված է Թուրքիային, քան հայկական խնդիրների լուծմանը: «Սակայն պետք չէ մոռանալ, որ ԱՄՆ Կոնգրեսը ճանաչեց Ուկրաինայում կատարված սովամահությունը որպես ցեղասպանություն, ինչպես նաեւ Ռուանդայի եւ Դարֆուրի ցեղասպանությունները: Մենք հուսով ենք, որ դեմոկրատները կսկսեն քննարկել նորընտիր Կոնգրեսի նիստերի օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հարցի ընդգրկումը: Բնականաբար մեզ կարող է անհաջողություն սպասել վերջին փուլում, եթե ԱՄՆ նախագահը հրաժարվի ստորագրել օրինագիծը, սակայն դա չի նշանակում, որ պետք է ձեռքերը ծալած նստել: Մենք պետք է ակտիվացնենք աշխատանքն այդ ուղղությամբ»,-ընդգծել է Կիրո Մանոյանը: