16 նոյեմբերի 2006 - 18:08 AMT
ԵԱՀԿ ՄԽ. Կոսովոյի հարցի կարգավորումը այսպես թե այնպես կազդի Ղարաբաղյան գործընթացի վրա
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Մինսկի խմբի համանախագհները հուսով են, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը կկայանա արդեն ամենամոտ ապագայում: «Մենք հուսով ենք, որ այդ հանդիպումը կկայանա արդեն նոյեմբերի 28-ին Մինսկում` ԱՊՀ համաժողովի շրջանակներում»,- ասել է Մինկսի խմբի ռուսական կողմի համանախագահ Յուրի Մերզլյակովը: Հինգշաբթի օրը Մինսկի խմբի համանախագահները ելույթ են ունեցել ԵԱՀԿ Մշտական խորհրդի (Ֆրանսիա, ԱՄՆ, Ռուսաստան) առջեւ: Ինչպես նշել է ռուս համանախագահը, «ընթացիկ տարին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով պայմանավորվածությունների հասնելու համար հնարավորությունների եզակի պատուհան է»: Նրա խոսքերով, այս տարվա սկզբում երկու կողմերն էլ բազմաթիվ անգամներ հայտարարել են այն մասին, որ երբեք այսքան մոտ չեն եղել համաձայնությանը:
«Այդ պատճառով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների համար ողբերգական կորցրած շանս կլիներ, եթե նրանք թույլ տան այդ պատուհանը փակվի մյուս տարվա սկզբում` առանց համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի հարցով ապագա համաձայնագրի գոնե հիմնային սկզբունքները»,- նշել է Մերզլյակովը: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ մոտենում են «2007-2008 հերթական ընտրական շրջանները, սկզբում Հայաստանում, ապա` Ադրբեջանում»: «Մենք արդեն ունեցել ենք բանակցությունների վրա ընտրությունների բացասական ազդեցության փորձը»,- ասել է ռուս համանախագահը:

Խոսելով Կոսովոյի հարցի լուծման հնարավոր ազդեցության մասին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա` նա ընդգծել է, որ «բոլոր հակամարտություններն իրենց յուրօրինակություններն ունեն»: «Սակայն Կոսովոյի հարցի կարգավորումը այսպես թե այնպես կազդի ԵԱՀԿ տարածքի այլ հակամարտությունների կարգավորման գործընթացի վրա, այդ թվում եւ Լեռնային Ղարաբաղի»,- նշել է Մերզլյակովը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: