31 հոկտեմբերի 2015 - 12:26 AMT
Սահմաններ, էներգետիկա, առևտուր, մշակույթ. ՀՀ նախագահի հանդիպումները Վրաստանի իշխանության հետ

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 30-ին Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են բարձր մակարդակի հայ-վրացական հարաբերությունների օրակարգը, նախանշել այն առաջ մղելու նոր հեռանկարները, անդրադարձել քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված ընթացիկ ծրագրերին: Նախագահներն երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխշահավետ նախագծերի իրականացման համար կարևորել են ինտեգրացիոն տարբեր գործընթացների շրջանակում Հայաստանի և Վրաստանի շարունակական գործակցությունը:

Երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների շուրջ` ընդգծելով տարածաշրջանի կայուն, խաղաղ և անվտանգ զարգացման կարևորությունն ու այդ ուղղությամբ ևս գործակցությունը:

Սարգսյանը և Մարգվելաշվիլին հանդիպման արդյունքներն ամփոփել են ԶԼՄ-ներին ուղղված համատեղ հայտարարություններով:

«Նախագահ Մարգվելաշվիլիի հետ հանգամանալից քննարկել ենք մեր հարաբերությունների օրակարգային հարցերը և նախանշել երկկողմ բազմաբնույթ գործակցությունն առաջ մղելու նոր հեռանկարները: Այս այցի շրջանակում մասնակցելու եմ նաև Հին Թբիլիսիի պատմական վայրում հայկական առաջնորդանիստ Սբ Գևորգ եկեղեցու վերաօծման արարողությանը: Շնորհակալություն եմ հայտնում Վրաստանի իշխանություններին այդ սրբավայրի վերականգնման աշխատանքներին իրենց աջակցությունը բերելու համար: Մենք էլ մեր հերթին հատուկ հոգածությամբ ենք վերաբերվում Հայաստանում առկա վրացական մշակութային ժառանգությանը, որի բարենորոգման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են: Հավատացած եմ, որ միայն այս կերպ` հոգատարությամբ միմյանց մշակութային ժառանգությանը վերաբերվելով, մենք կարող ենք պահպանել ու բազմապատկել մեր ձեռքբերումները», - ասել է Սարգսյանը:

Հոկտեմբերի 31-ին կկայանա Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի Սբ Գևորգ առաջնորդանիստ տաճարի վերաօծման և վերաբացման արարողությունը՝ Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, վերանորոգման ծրագիրը ֆինանսավորողների մասնակցությամբ:

13-րդ դարի բացառիկ տաճարի վերանորոգման նախագիծը մեկնարկել է 2012-ին, այն «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կարևորագույն ծրագրերից մեկն է, որը ստացել է Հայաստանի և Վրաստանի իշխանությունների աջակցությունը, Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը:

Նրա խոսքով՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդումն իրականացվում է լիակատար փոխվստահության պայմաններում:

Սարգսյանը նշել է, որ Վրաստանի նախագահի հետ քննարկվել է նաև ռազմավարական բնույթի համատեղ նախագծերը:

«Կցանկանայի կարևորել Բագրատաշեն-Սադախլո սահմանային «Բարեկամության կամրջի» շինարարությունը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք այն և մնացյալ բոլոր ծրագրերը հաջողությամբ ավարտին ենք հասցնելու` դրանով իսկ հավելյալ խթաններ ստեղծելով մեր երկրների առաջընթացի և տնտեսական վերելքի համար», - ասել է ՀՀ նախագահը:

Բագրատաշենի անցակետի հինգ մասնաշենքի կառուցապատման, ներքին և արտաքին հարդարման, կոմունիկացիոն աշխատանքներն ընթացքի մեջ են: Մեծ մասն արդեն իսկ կատարվել է, ակնկալվում է, որ նորակառույց անցակետը շահագործման կհանձնվի ըստ սահմանված ժամանակացույցի՝ 2016-ի առաջին եռամսյակի ընթացքում:

Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի տարածքում նոր՝ «Բարեկումության» կամրջի կառուցումը ծրագրովորված է: Նախատեսվում է 2015-ի ընթացքում հայտարարել շինաշխատանքների կազմակերպման մրցույթը:Ակնկալվում է, որ կամուրջը կնպաստի ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների սպասարկման որակի բարձրացմանն ու ժամանակի խնայողությանը:

Նրա խոսքով՝ անդրադարձ է եղել Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը և Վրաստանի կողմից ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը և նշել, որ դա բացասական չի անդրադառնա երկու երկրների տնտեսական հարաբերությունների վրա, այլ միայն դրական ազդեցություն կունենա:

Քննարկվել է նաև տարածաշրջանային նշանակության հարցեր:

Նույն օրը ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Սարգսյանը և Ղարիբաշվիլին արձանագրել են, որ ավանդական բարիդրացիության, երկու երկրների բարեկամ ժողովուրդների միջև պատմական հենքի վրա Հայաստանի և Վրաստանի կառավարությունների արդյունավետ փոխգործակցությունը լուրջ նախադրյալներ են ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են տարածաշրջանային նշանակության ենթակառուցվածքային, այդ թվում` էներգետիկ ծրագրերի իրականացումը, որոնք, նրանց համոզմամբ, զգալիորեն կխթանեն Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական կապերի ամրապնդումը, կնպաստեն առևտրաշրջանառության ծավալների աճին:

Անդրադառնալով ինտեգրացիոն գործընթացներին երկու երկրների մասնակցությանը` նախագահը և վարչապետը մատնանշել են դրանց փոխլրացնող բնույթը և ենթակառուցվածքային ծրագրերի փոխկապակցման կարևորությունը:

Հոկտեմբերի 30-ին կայացել է նաև ՀՀ նախագահի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ:

Զրուցակիցները կարևորել վերջին տարիներին պարբերական բնույթ ստացած բարձրաստիճան հանդիպումները, որոնք նոր շունչ են հաղորդում երկկողմ հարաբերություններին՝ հնարավորություն տալով քննարկել հայ-վրացական համակողմանի օրակարգի արդիական հարցերը:

Ուսուպաշվիլին հույս է հայտնել, որ Սարգսյանի այցը ևս մեկ առաջընթաց քայլ կդառնա երկու երկրների բարեկամության ամրապնդման գործում:

Նախագահ ն ընդգծել է խորհրդարանականների դերը պատմական ամուր հիմքի վրա կառուցված հայ-վրացական եղբայրական և բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման գործում, նշելով, որ միջպետական հարաբերությունների օրակարգում միջխորհրդարանական կապերը վաղուց իրենց հաստատուն տեղն ունեն, ինչի մասին է վկայում երկու երկրների խորհրդարաններում համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների առկայությունը:

Սարգսյանը և Ուսուպաշվիլին կարևորել են բոլոր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ, փոխգործակցության զարգացումը:

Նախագահը շնորհակալություն է հայտնել ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երևանում տեղի ունեցած Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումներին Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակի մասնակցության համար:

Հանդիպմանը խորհրդարանի նախագահը նշել է, որ Վրաստանում ուշադրությամբ հետևում են Հայաստանում Սահմանադրության փոփոխությունների գործընթացին և տեղյակ են, որ փոփոխությունների նախագծի մշակման գործընթացում մասնագիտական խումբն ուսումնասիրել է նաև Վրաստանի փորձը:

Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին: Սարգսյանը կարևորել է Վրաստանի դերը տարածաշրջանի անվտանգության և կայունության պահպանման գործում:

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992-ի հուլիսի 17-ին: Երկու երկրի միջև բարձրագույն օրենսդիր մարմինների գործակցության և օրենսդրության ներդաշնակեցման նպատակով ձեւավորված է միջխորհրդարանական հանձնաժողով, որը նախագահում են երկու երկրի խորհրդարանների նախագահների տեղակալները:

Տնտեսական գործակցության խորացման նպատակով գործում է տնտեսական միջկառավարական գործակցության հանձնաժողով:

Հայաստանի և Վրաստանի միջև գործում է նաև հայ-վրացական պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով:

2013-ի աշնանը ձևավորվել է հայ-վրացական առեւտրատնտեսական հարցերով համատեղ աշխատանքային խումբ, որի առաջին նիստը գումարվել է 2014-ի մարտի 21-ին: