31 հոկտեմբերի 2015 - 12:56 AMT
ՀՀ և ՌԴ դաշնակցային հարաբերությունները՝ վարչապետների հանդիպման առանցքում

ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում Դուշանբեում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 30-ին առանձնազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Աբրահամյանը և Մեդվեդևը կարևորել են ակտիվ փոխգործակցությունը առևտրատնտեսական կապերի զարգացման և ընդլայնման գործում, ինչպես նաև անդրադարձել մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերին և քայլերին:

Նույն օրը ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին պատվիրակությունների ղեկավարները հանդիպել են Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:

Աբրահամյանը հանդիպել է նաև Տաջիկստանի վարչապետ Կոհիր Ռասուլզոդայի հետ: Կողմերըքննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Զրուցակիցները կարևորել են տնտեսական, հումանիտար և այլ ոլորտերում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում գործակցության խորացումը: Առևտրատնտեսական կապերի զարգացման առումով կողմերն անհրաժեշտ են համարել միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը, գործնական քայլերի իրականացումը, ինչը կնպաստի նաև առևտրաշրջանառության ծավալների աճին:

ՀՀ Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում եմ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, փոխնախարար Սուրեն Կարայանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Հանդիպումներից հետո տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով, որին հաջորդել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների ընդլայնված կազմով խորհրդի նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային մոտ 30 հարց, որոնք առնչվում էին առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաև սոցիալական, ֆինանսական, իրավապայմանագրային և հումանիտար ոլորտներում փոխգործակցության խորացմանը: Մասնավորապես, քննարկվել է մինչև 2020-ն ընկած ժամանակահատվածի համար ԱՊՀ տնտեսական զարգացման Ռազմավարության երրորդ փուլի իրականացման (2016-2020թթ.) միջոցառումների ծրագիրը, որն ուղղված է ԱՊՀ մասնակից երկրների գիտատեխնիկական և կրթական ներուժի իրականացմանը, ենթակառուցվածքային նախագծերի մշակմանը, տնտեսության, էներգետիկայի զարգացմանը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական և տրանսպորտային համակարգերի, միջտարածաշրջանային գործակցության, մրցակցային քաղաքականության և սպառողների շահերի պաշտպանության, գյուղատնտեսության և այլ ոլորտների զարգացմանը:

ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները քննարկել են 2011-ի հոկտեմբերի 18-ին ստորագրված Ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագրով նախատեսված քայլերի իրականացմանը վերաբերող հարցեր: Հաստատվել է 2016-ի ընթացքում ԱՊՀ-ի 25-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման ծրագիրը:

ԱՊՀ երկրների վարչապետները հանդիպման արդյունքներով ստորագրել են փոխգործակցության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր:

Որոշվել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել մայիսին Ղրղզստանում: