31 հոկտեմբերի 2015 - 13:47 AMT
Շաբաթն առաջնագծում. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 8000 կրակոց, նաև ականանետից

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հոկտեմբերի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 8000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը պահպանում են լիակատար վերահսկողություն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերի 27-ին ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում է անցկացրել Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Դիտարկման ավարտի պահին գրանցվել է գնդակոծություն ավտոմատ հրազենից ադրբեջանական կողմից:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից իրականացված դիտարկման ամբողջ ընթացքում ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հավատարիմ են մնացել ձեռք բերված պայմանավորվածություններին և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը:

Հոկտեմբերի 18-24-ը շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 600 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետերից ու ՌԳՊ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10.000 կրակոց: