Հայ-գերմանական բարեկամության այգիների հիմնադրման ծրագրով 4-րդ այգին կբացվի գերմանական ամենամեծ Բուսաբանական այգում՝ Դորտմունդ քաղաքում: Այս մասին հոկտեմբերի 31-ին լրագրողներին տեղեկացրել է Գերմանիայի հայ ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանը:
Առաջին այգին բացվել է 2015-ի ապրիլի 11-ին Երևանում՝ Ավան թաղամասում, երկրորդը՝ Գերմանիայում՝ Բոխում, երրորդը՝ Եղեգնաձորում: Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտի հովանու ներքո:
Օրդուխանյանը նշել է, որ այգիների հիմնումը նվիրված է Գերմանիայի Հայ ակադեմիականների միության 155-ամյակին:
«Մենք տնկում ենք այդ ծառերը ցույց տալով, որ մեր 155 տարվա բարեկամությունն ավելի խորն է, քան 100 տարի առաջ գերմանաթուրքական գործակցությամբ, Հայոց ցեղասպանությամբ ընդհատված հայ-գերմանական բարեկամությունը», - ասել է նա:
Օրդուխանյանի խոսքով՝ Գերմանիայում հիմնված Հայ-գերմանական բարեկամության այգում դեռևս որևէ տեղեկատվություն հաղորդող վահանակներ չեն տեղադրում, քանի որ հնարավոր է թուրքերը վնասեն ծառերը:
«Կսպասենք, որ ծառերը մի քիչ ամրանան, մեծանան, որ հանելը դժվար լինի, նոր նմանատիպ վահականեր կտեղադրենք», - ասել է նա, մեջբերում է Panorama.am-ը:
Գերմանիայի հայ ակադեմիականների միության նախագահը նշել է, որ թուրքական լոբբին Գերմանիայում լավ է աշխատում:
«Հայոց ցեղասպանության թեմաներով գրքերի շնորհանդեսները մշտապես խանգարում են: Շնորհանդեսները հիմնականում կազմակերպում ենք Բոխումի կենտրոնական գրադարանում: Վերջերս երբ ցանկանում էինք Պարույր Սևակի ստեղծագործությունների գերմաներեն թարգմանության շնորհանդեսը կազմակերպեինք նույն գրադարանում, տնօրենն ասաց, որ արդեն հոգնել է հայերի և թուրքերի միջև ընթացող վեճերից, հրաժարվում է Հայոց ցեղասպաության թեմաներով գրքերի շնորհանդեսներ կազմակերպել գրադարանում», - պատմել է օրդուխանյանը:
Նա տեղեկացրել է, որ Գերմանիայում Օսմանյան կայսրությունում ցեղասպանված ազգերի ժառանգները միավորվել և ստեղծել են կազմակերպություն, որի նպատակն է աջակցել միմյանց և հասնել բոլոր ցեղասպանությունների ճանաչմանը, բարձրացնել իրենց քաղաքական պահանջները: