2 նոյեմբերի 2015 - 14:29 AMT
Հետազոտություն. 10 ամսում Ադրբեջանի ուժային կառույցները 64 կորուստ են ունեցել

Ռազմական հետազոտությունների կասպյան «Խազար» ինստիտուտը տվյալներ է հրապարակել Ադրբեջանի ԶՈւ շարքերում կորուստների մասին 2015-ի 10 ամսվա ընթացքում:

Ըստ կենտրոնի հրապարակման, տարեսկզբից Ադրբեջանի ուժային կառույցները` բանակը, ԱԱՆ, ԱԻՆ-ը և սահմանապահ ծառայությունը, 64 կորուստ են ունեցել, որից 31-ը մարտական են: Մնացած 33-ից 8-ը ինքնասպան է եղել, 8-ը զոհվել է զինվորների միջև միջադեպերի հետևանքով, 5-ը` ավտովթարների հետևանքով, 3-ը` զենքի հետ անզգույշ վարվելու պատճառով, 2-ը` արևահարումից, 2-ը` ձնահյուսի պատճառով, 4-ը` հիվանդություններից և 1-ը` անհայտ հանգամանքներում:

Միաժամանակ բանակը 11 վիրավոր ունի մարտական բախումների հետևանքով, ևս 2 զինվոր վիրավորվել է, պայթելով ականի վրա, մեկ զինվոր տուժել է ինքնասպանության փորձի հետևանքով, ևս մեկը` ավտովթարից և ևս մեկը` անհայտ պատճառով:

Ռազմական հետազոտությունների կասպյան ինստիտուտի ղեկավար, ադրբեջանցի փորձագետ Ջասուր Մամեդովը (Սումերինլի) փախել է Ադրբեջանից 2014-ին իր գլխավորած «Դոկտրին» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հանդեպ ճնշման պատճառով: Լինելով Ադրբեջանում` Սումերինլին կանոնավոր կերպով տեղեկություններ էր հրապարակում բանակում կորուստների մասին, որոնք երկրի ղեկավարությունը թաքցնում է:

Մինչդեռ ըստ razm.info-ի տվյալների, տարեսկզբից ադրբեջանական ԶՈւ շարքերում զինված միջադեպերի, դժբախտ պատահարների, շփման գծում բախումների և այլ միջադեպերի հետևանքով 73 զինվոր է զոհվել: Ընդ որում, Ադրբեջանը թաքցրել է կորուստների զգալի մասը, որոնց առկայությունը հայտնաբերել են հայ և ադրբեջանցի փորձագետները: Դրանց մասին հայտնի է դարձել զոհվածների հարազատների կամ ծառայակիցների հրապարակումներից սոցցանցերում: Այսպիսով, Ադրբեջանի իրական կորուստները կարող են շատ ավելին լինել, բան բաց աղբյուրների վերլուծության հիման վրա բացահայտվածները:

Սեպտեմբերի վերջում ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը, ելույթ ունենալով Արցախի ԱԺ-ում, հայտարարեց, որ հակառակորդը զգալի կորուստներ է կրել շփման գծում: Ըստ նախարարի, Ադրբեջանը 11-12 զոհ ունի, որոնց անունները ճշտված են, նույնքան էլ զոհված զինծառայող ունի, որոնց տվյալները դեռ ճշտվում են: ՊԲ հրամանատարը հայտարարեց նաև, որ վերջին գործողություններից հետո Ադրբեջանի զինհոսպիտալներում 60-80 վիրավոր զինծառայող կա: