17 նոյեմբերի 2006 - 14:40 AMT
Նենսի Փելոսին միաձայն ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ղեկավարի պաշտոնում
ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունը միաձայն ընտրել է Նենսի Փելոսիին ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում: ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ կինը կզբաղեցնի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ղեկավարի պաշտոնը: Պաշտոնապես այդ պաշտոնը ստանձնելու մասին կհայտարարվի Կոնգրեսի հունվարյան նստաշրջանում: 66-ամյա Փելոսին մինչ ընտրությունները եղել է Կոնգրեսում Դեմոկրատական կուսակցության առաջնորդը: Նրա տեղում ընտրվել է Շտենի Հոյերը, հաղորդում է Լենտա.ռու-ն: Նշենք, որ նոյեմբերի 7-ին կայացած ընտրությունների արդյունքում Հանրապետական կուսակցությունը 1994 թվականից ի վեր առաջին անգամ զիջեց մեծամասնությունը Դեմոկրատական կուսակցությանը Կոնգրեսի երկու պալատներում:

Հիշեցնենք, որ նախկինում Նենսի Փելոսին հայտարարել էր, թե կաջակցի Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ճանաչմանը ԱՄՆ Կոնգրեսի 110-րդ նստաշրջանում: «Ես հավանություն եմ տալիս օրինագծին, որը հստակորեն ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ն ճանաչի այդ հանցագործությունը եւ հաստատի ցեղասպանության կանխման վերաբերյալ իր պարտավորությունները: Եվ ես կաջակցեմ այդ օրինագծին ԱՄՆ Կոնգրեսի 110-րդ նստաշրջանի ընթացքում»,-նշել է նա: